Ազատամարտի վետերանների միությունը իր խորը մտահոգությունն է հայտնում Էրեբունու Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդում կատարվածի կապակցությամբ, ինչի պատճառով զոհվել է մեկ ոստիկան, առկա են երկկողմանի վիրավորներ: Այս մասին ասված է Միության տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
«Ելնելով ստեղծված իրավիճակից` միությունը կոչ է անում.
-հանդարտվել, լինել ողջամիտ, քանի որ գործ ունենք իրական ողբերգության հետ, չսրել առանց այդ էլ լարված իրավիճակը: Այսօր երբ օրհասական է Ղարաբաղյան խնդիրը, մենք պարտավոր ենք պահպանել մեր երկրի ներքին խաղաղությունն ու կայունությունը, այս խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, մեզ համար շատ թանկ է յուրաքանչյուր հայի կյանքը, այդ նպատակով ևս մեկ անգամ հորդորում ենք կողմերին բացառել իրավիճակի ուժային լուծումը:
Ազատամարտի վետերանների միությունը վշտակցում է ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի հարազատներին ու մտերիմներին, մենք սգում ենք հայ սպայի կորուստը: Ինչպես նաև շուտափույթ ապաքինում է մաղթում վիրավորվածներին»։