«Զինված խմբին ցրելու համար այլընտրանքային տարբերակների կիրառումը վատագույն տարբերակը կլինի. ո՞րն է հանգուցալուծումը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում հուլիսի 17-ին զինված միջադեպը նախաձեռնած «Սասնա Ծռեր» խմբի անդամների և իշխանության միջև բանակցությունները, ըստ կողմերի հայտարարությունների, երեկվանից շարունակվում են, իսկ արդյունք դեռևս չկա: Ավելին, իրավիճակը գնալով սրվում է, բերման ենթարկվողների թիվն՝ ավելանում:

Ո՞րն է ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը, արդյոք այլընտրանքային միջոցների կիրառումն արդյունավետ տարբերա՞կ է. ArmLur.am-ն այս հարցերի պատասխանները փորձեց ստանալ ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանից:

-Պարո՛ն Եղիազարյան, այս օրերին կարծիքներ են շրջանառվում, որ ապստամբներին ցրելու համար պետք է այլընտրանքային միջոցներ կիրառվեն՝ արցունքաբեր գազեր, անգամ չերյոմուխա: Վերջինիս կիրառումը, ինչպես հայտնի է, Մարտի 1-ի դեպքերի ժամանակ ողբերգական հետևանքներ թողեց: Ինչպե՞ս եք գնահատում թվարկված տարբերակների արդյունավետությունը:

-Մարտի 1-ին չերյոմուխայի օգտագործումից նույնիսկ մարդ մահացավ: Ցանկացած դեպքում պատանդներին ազատելու որոշում կայացնելիս պետք է կիրառել հատուկ միջոցներ: Թե դրանք որոնք կլինեն՝ արցունքաբեր գազ, լուսային, ձայնային միջոցներ… հարցի մյուս կողմն է: Իհարկե, լավ կլինի դրան չգնան: Լավագույն տարբերակը մեկն է՝ բանակցությունների ճանապարհը, որպեսզի խուսափեն ավելորդ զոհերից: Արդեն մեկ զոհ ու վիրավորներ ունեն, ավելին հարկավոր չէ: Դա ուրիշ այլ հետևանքներ կարող է թողնել ինչպես հասարակության, այնպես էլ իշխանություններ համար:

-Իրադրությունն ի՞նչ աստիճանի պետք է սրվի, որպեսզի բանակցություններից անցում կատարվի այլընտրանքային միջոցների կիրառման: Հաշվի առնելով կողմերի կեցվածքը՝ կարող ենք փաստել, որ զիջումների մասին խոսք չկա գոնե այս պահին…

-Իհարկե, ռեալ չի կարելի համարել Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջի կատարումը: Հակառակ դեպքում պարբերաբար կսկսեն պատանդներ վերցնել և պահանջել հրաժարականներ: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի և Ժիրայր Սէֆիլյանի հավանական հանդիպմանը, ես ևս չեմ հավատում, որ այն կկայանա: Սա նշանակում է կապիտուլյացիա…

Այլընտրանքային միջոցներին անցնելը սովորական բան է ցանկացած հատուկ ծառայությունների համար: Մենք էլ չէ՞ երկիր ենք. գուցե անմիջապես կիրառեն դա… Խնդիրը հիմա նա է, որ դա չլինի: Սակայն միանշանակ ասել, որ նման բան չի լինի, չենք կարող: Դա կլինի վատագույն զարգացումը… Կրկնում եմ՝ լավագույն տարբերակը բանակցություններն են, որպեսզի հասարակությունը խուսափի զոհերից: Ես չեմ կարծում, որ մի կողմի զոհն արդարացում է. դա ուղղակի կնստի իշխանությունների խղճին:

Զրուցեց Տաթև Հարությունյանը




Լրահոս