Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի գնահատմամբ Երևանում տիրող իրավիճակը ապստամբություն չէ: ArmLur.am-ի հետ զրույցում քաղաքագետը կարծիք հայտնեց, որ կա ապստամբների մի խումբ, որը, տարօրինակորեն ընտրել է գիտակցված մահվան այսպիսի ուղի. «Նրանք, որքան հասկանում եմ իրենց հայտարարություններից, կորցնելու ոչինչ չունեն այլևս: Իսկ հանգուցալուծումը, դատելով նրանից, որ իշխանությունը չի ուզում որևէ զիջումների գնալ՝ ապստամբների մահն է: Տվյալ պարագայում դա ձեռնտու է թե՛ իշխանությանը և թե՛ հենց իրենց»,- ասաց քաղաքագետը` միաժամանակ նկատելով, որ մահերը, որ ամենայն հավանականությամբ կլինեն՝ երկարաժամկետ առումով կվնասեն հենց իշխանությանը:
Հարցին` կա՞ն բախումը ցրելու այլընտրանքային միջոցներ, մեր զրուցակիցը բացասական պատասխան տվեց. «Հատուկ ուժերի ուղղակի գրոհի այլընտրանք մինչ այժմ կիրառել է միայն Ռուսաստանը՝ Նորդ Օստում, իսկ թե որքան զոհեր եղան պատանդների շարքերում՝ լավ հայտնի է: Ամենայն հավանականությամբ առաջիկա գիշերներին կլինի գրոհ, երկու կողմից էլ կզոհվեն մարդիկ: Դրան կհաջորդեն ռեպրեսիվ ալիքներ, իսկ մյուս կողմից հիասթափությունն ու հայրենալքումն ավելի կսաստկանան: Մեկ կամ ամենաշատը երկու տասնամյակ անց Հայաստանը կմնա առանց հայերի, եթե, իհարկե, մինչ այդ, ադրբեջանցիներն ու թուրքերը չհաջողեն իրականացնել իրենց դարավոր երազանքը»:
Տաթև Հարությունյան