Փաստաբան Երվանդ Վարոսյանը համացանցի իր էջում գրառում է կատարել, որում ներկայացնում է` ինչ իրավունքներ ունեն ոստիկանության ռեպրեսիաներից տուժած, բռնությունների ենթարկված քաղաքացիները:
«Որևէ կերպ փաստաթղթավորեք Ձեզ հասցված մարմնական վնասվածքները, քանի որ առանց դա որևէ կերպ չեք կարողանալու ոչ ՀՀ ներպետական ատյաններում բարձրացնել դա իրականացնողների պատասխանատվության հարցը, ոչ հետագայում գանգատ ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Ամրագրման տարբերակները.
Ա/ Կատարվածի վերաբերյալ հաղորդում ներկայացնել ՀՀ Հատուկ քննական ծառայություն, կամ անգամ ոստիկանության բաժին, որի սպասարկման տարածքում իրականացվել է բռնությունը, հնարավորություն ստանալով ենթարկվել դատաբժշկական փորձաքննության, ստանալ համապատասխան եզրակացություն:
Բ/ Բժշկական օգնության նպատակով դիմել որևէ բժշկական հաստատություն, որտեղ կամրագրվեն ու կփաստաթղթավորվեն Ձեր վնասվածքները:
Գ/ Առաջին երկու տարբերակների անհնարինության դեպքում, կատարել վնասված հատվածների հնարավորինս բարձր որակի լուսանկարներ:
Միշտ հիշեք. Ձեր կողմից այսօր եվրոպական դատարան ներկայացված գանգատը ոչ միայն հնարավոր ֆինանսական փոխհատուցման հնարավորություն է ստեղծում Ձեր համար, այլ նաև կարող է կանխել ապագայում մեր այլ համաքաղաքացիների նկատմամբ կիրառվելիք բռնությունները»: