ԱԳ նախարարը հանդիպել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հանդիպել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսին, ով Երևան է ժամանել “Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմե բարձրաստիճան խորհրդաժողովին մասնակցելու նպատակով։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
 
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը կարևորել է մարդու իրավունքների հանձնակատարի դերը ԵԽ անդամ երկրներում մարդու իրավունքների առաջմղման գործում։
 
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Նիլս Մուիժնիկսը նշել է, որ Եվրոպայում Հայաստանի նախագահությունը բավականին հաջող է ընթանում և դրա վկայություններից է ,Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմե խորհրդաժողովի բարձր մակարդակով կազմակերպումը։
 
Նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ խորհրդաժողովի խորագիրը պատահական չէ ընտրված, քանի որ այդ խնդիրները այսօր ոչ միայն այժմէական են, այլև լուրջ մարտահրավեր են միջազգային հանրության համար։ Այդ համատեքստում նախարար Նալբանդյանն ասել է. ,Չնայած Եվրոպայի խորհրդի և միջազգային այլ կազմակերպությունների կողմից այլատյացության, խտրականության և ատելության դեմ տարվող պայքարին, այսօր անգամ ԵԽ կազմում դեռևս կան երկրներ, որոնք ոչ միայն քարոզում են այլատյացությունը, այլև առաջնորդվում են այդ գաղափարախոսությամբ իրենց գործունեության մեջ՝ ոչ միայն անտեսելով թե ԵԽ-ի, և թե այլ հեղինակավոր միջազգային կառույցների քննադատությունը, այլև հանդիմանելով և հակադրվելով դրանց, հռչակում են իրենց հանդուրժողականության կենտրոն, որից աշխարհը պետք է օրինակ վերցնիե։
 
Նախարար Նալբանդյանն ու հանձնակատար Մուիժնիկսը քննարկել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացման ուղղությամբ ձեռնարկվող շարունակական քայլերը։
 
Հյուրի խնդրանքով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է հայրենիքում ապաստանած սիրիահայերին օժանդակելու նպատակով իրականացվող քայլերին։ 




Լրահոս