«Իրավունք» թերթը գրում է· «Հունիսի 17-ի առավոտյան տեղի ունեցած ՀՀ ոստիկանության Պարեկապահակային ծառայության գնդի վրա զինված հարձակման արդյունքում ստեղծված իրավիճակի մասին զրուցեցինք ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի հետ.
-Պատշաճ ժամկետներում օրը մի քանի անգամ պարբերությամբ տրամադրվում է տեղեկատվություն: Այս պահի դրությամբ ընդամենը կարող եմ ասել, որ զինված հարձակում է եղել է ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի
վրա, որի հետեւանքով սպանվել է ոստիկանության գնդապետ, հրազենային վնասվածքներ են ստացել ոստիկանության 3-4 աշխատակիցներ, բարձրաստիճան սպաներ, եւ կան նաեւ մարմնական վնասվածքներ:
Դրանից հետո ոստիկանությունը շարունակում է բանակցել տարածքը զավթածների հետ, որի համար ունենք հատուկ կոնտակտային սպա: Բանակցություններն ընթանում են քաղաքակիրթ պայմաններում: Նշեմ, որ այդտեղ որպես պատանդեն վերցվել սկզբնական շրջանում 9 անձ, ներկայիս դրությամբ` մնացել են չորսը: Սա ոստիկանության բանակցության արդյունքում է տեղի ունեցել, ինչու ոչ, նաեւ նրանց կողմից բարի կամք է դրսեւորվել: Ի դեպ, որոշակի բարի կամքի դրսեւորոմ կա նաեւ ոստիկանության կողմից: Նորմալ բանակցություններ են գնում, ավելին իրավասու չեմ այս պահին ասել, բայց ամենաշահագրգիռը իրավապահ համակարգն է, որ արյունահեղություն չլինի, ավելորդ լարվածություն չլինի:
– Ի՞նչ որոշում է կայացվել ոստիկանության Պարեկապահակային ծառայության գնդի զավթածների համար:
– Այս պահի դրությամբ եւ սրանից հետո էլ նրանց նկատմամբ որոշում չի կայացվել, քանի իրենք գնում են բանակցությունների եւ անխոհեմ որեւէ քայլ չեն կատարում: Կարծում եմ` որոշում չի էլ կայացվի, եթե այս ընթացքով գնա:
– Պարոն փոխոստիկանապետ, բավական թվով մարդիկ բերման ենթարկվեցին Ազատության հրապարակից եւ հարակից փողոցներից, որքանո՞վ էին դրանք պատճառաբանված:
-Բերման ենթարկված բոլոր անձինք շատ շուտով բաց կթողնվեն: Թեպետ բերման ենթարկելու հիմքերը բոլորն էլ օրինական են, սակայն հաշվի չառնելով դա,
քանի որ ես սպայի խոսք տվեցի, ժամանակից շուտ իրենց բոլորին
բաց կթողնենք: Պարզապես, ակնհայտ հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ կան, նրանց պետք է մեկուսացնել, որպեսզի սադրանքներ չլինեն, որպեսզի խաղաղ երթը, միտինգը չխեղաթյուրվի:
– Բայց ցուցարարների մոտ անվստահություն կա, որ ոստիկանությունը բռնություններ կկիրառի…
– Իսկ ե՞րբ եք վերջին շրջանում բռնություն տեսել: Իսկ բռնություն չէ՞ արդյոք, երբ մտնում են իմ, ձեր ազգաբնակչության հանգիստը պահող ոստիկանական խաղաղ հիմնարկություն, որը պարեկապահակային ծառայության գունդն է, եւ
սպանում են բարձրաստիճան սպայի: Մի՞թե դա չի բռնությունը, այլ բռնությունը այստեղ ինչ-որ մեկին քաշելն է»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: