Այն, ինչ տեղի ունեցավ Երևանում, ցնցեց բոլորին, երբ մի խումբ անձինք զինված ներխուժել են ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց: Իհարկե, դժվար է տեղի ունեցածը համարել հեղաշրջման փորձ դասական իմաստով, սակայն ըստ այդ անձանց եւ նրանց աջակիցների տարածած հաղորդագրությունների` սա զինված ապստամբություն, այսինքն՝ հեղաշրջում է:
Այս պարագայում կարեւոր է այդ գործողությունն իրականացնողների նպատակը, եւ փորձենք հասկանալ հեղաշրջումների էությունը: Մի բան հստակ է` նրանք ունեն նաեւ քաղաքական պահանջներ: Ցանկացած դեպքում բռնության կամ բռնության սպառնալիքի գործադրումը վատ բան է: Ինչեւէ, բռնությունը միշտ էլ հակադարձ համեմատական է եղել ժողովրդավարական արժեհամակարգին, եւ դրա միջոցով կամ եղել է ժողովրդավարության անկում, կամ էլ եթե այն հաստատվել է, ապա անցել է երկար, ծանր ու արյունալի շրջափուլերով:
Փորձը ցույց է տվել նաեւ, որ բռնությամբ եւ ուժով իշխանության եկածները, ովքեր հեռացրել են ուժային-կամային սկզբունքով առջնորդվող ռեպրեսիվ իշխանությանը, այնուհետ իրենք են դառնում ռեպրեսիվ, քանի որ արդեն դրել են ուժով իշխանության հասնելու «ավանդույթ», ապա եւ այն պահպանելու համար ուժային մեթոդները խորթ չեն լինի: Եթե դու ունակ ես դիմելու զենքի ուժի, ապա դժվար է պատկերացնել, որ ի վիճակի կլինես ապավինելու այնպիսի խաղարարար արժեքների, ինչպիսիք են հավասարությունը, արդարությունը, մրցակցությունը, քաղաքացիական պահանջմունքներին ենթակա համակարգը եւ այլն: Դու սովոր չես լինի բոլորի կարծիքը հաշվի առնելուն, համբերատար բոլորի դժգոհություններին անսալուն, մանավանդ, քո հասցերին հասարակական-քաղաքական սպառնալիքներ լսելուն, քանի որ դու զենքով ես եկել իշխանության, ու այդ զենքն էլ դառնալու է այդ իշխանության գլխավոր աղբյուրներից մեկը:
Այսինքն՝ սա, ըստ էության, դառնալու է քաղաքական մշակութի առանձնահատկություն, որից հրաժարվելը կրկին երկար ժամանակ է պահանջում: Իսկ քանի որ մշակույթն է թելադրում քաղաքական համապատասխան վարք, ապա վաղը, եթե իշխանությանը բռնի ուժով հեռացրածները կանգնեն հանրային ընդվզումների առաջ, ապավինելու են այդ վարքականոնին: Եւ սա օբյեկտիվ գործընթաց է: Բացի այդ, հեղաշրջումները, մանավանդ՝ զինված, պարտադիր անցնում են մի քանի բարդ փուլերի միջով, որոնցից ամենաբարդը ինստիտուցիոնալացման փուլն է, երբ նոր իրականությունը պետք է մտնի «հունի մեջ», համակարգը սկսի հարմարվել փոփոխություններին:
Այս փուլում էլ ամենակարեւոր պահը, թերեւս, քաղաքական, վարչական ու տնտեսական ռեսուրսների բաշխման գործընթացն է: Այստեղ էլ սկսում են, մի կողմից՝ ինստիտուցիոնալ դեֆեկտներ ի հայտ գալ, հաճախ չեն կարողանում կառուցվել այնպիսի խաղի կանոններ, որոնք ի սկզբանե մշակվել կամ նպատակադրվել էին, մյուս կողմից՝ ռեսուրսների բաշխման ընթացքում սկսում են անհամաձայնություններ ի հայտ գալ Արդյունքում զարգանում է ֆրակցիոնիզմը, դա էլ, իր հերթին, խորանալով աստիճանաբար զարգացնելու է հակահեղափոխական տրամադրություններ ու ուժեր:
Այսպիսին է հեղաշրջման փուլային գործընթացը, ու դրանից խուսափել գրեթե ոչ մի երկրի ու ոչ ոքի չի հաջողվել: Բայց հեղաշրջումային կամ հեղափոխական տրամադրություններն ել, ինչպես ասում են, դատարկ տեղը չեն լինում. առկա են իրոք խորքային ու լուրջ պատճառներ: Դա շատ կարեւոր է՝ հասկանալու համար, թե ինչու են հեղաշրջումային տրամադրություններ ագրեգացվում եւ ինչու են դրանք արթնանում:
Սա շատ կարեւոր խնդիր է, որը պետք է հասկանալ, լուծումներ գտնել, որպեսզի նման ռիսկեր չլինեն: Իսկ գլխավոր պատչառն այն է, որ մեր քաղաքական համակարգն այս տարիների ընթացքում այդպես էլ չկարողացավ ձեռք բերել իր կարեւորագույն հատկանիշը՝ կարողությունը կամ ունակությունը: Այդ կարողությունը մոբիլիզացիան է, երբ հանրային սպոնտան պահանջմունքները մշակվում դառնում են հստակ գաղափարներ ու ծրագրեր եւ իրականացվում, այդ կարողությունը նաեւ համակարգի ադապտացիան է փափախվող իրականության նկատմամբ, երբ համակարգը շատ արագ արձագանքում է առկա խնդիրներին, փոփոխություններին ու ճկուն կերպով հարմարվում դրանց:
Կարճ ասած, սրանք այն գործոններն են, որոնք ապահովում են համակարգի զարգացումը: Առանց այդ զարգացման՝ տեղի է ունենում լճացում, հասարակությունը չի գտնում սեփական իրացումը, եւ այդ իրավիճակում որոշ շերտեր սկսում են շարժվել ու շարժել այդ ճահճային վիճակը: Ոչինչ չի կարող մնալ տեղում կանգնած, փոփոխությունն անհրաժեշտություն է:
Փոփոխությունը պետք է հենվի հասարակության պահանջների վրա, այն ամենի վրա, ինչ ուզում են տվյալ համակարգի մաս կազմող մարդիկ: Քանի որ մարդիկ իրենց խնդիրների մեծագույն մասը տեսնում են քաղաքականության մեջ, ապա սկսելու են ակտիվանալ քաղաքականապես, որնը թույլ զարգացած համակարգի համար անկայունության ռիսկ է, ճգնաժամի սպառնալիք եւ այլն: Վերը նշված հիմքով փոփոխությունն էլ կկանխի համակարգի քղաքական անակայունությունը եւ կապահովի դինամիկ կայունություն:
Արման Սահակյան