Անկախ նրանից, թե ինչպես կհանգուցալուծվի ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի շենքը «Հիմնադիր խորհրդրանի» անդամների կողմից գրավելու պատմությունը, այս միջադեպը Հայաստանի քաղաքական կյանքն անվերադարձ կտուկ փոխեց: Հուլիսի 17-ի լուսաբացից սկսած Հայաստանում այլ իրողություն է, եւ բոլորս, այդ թվում նաեւ նրանք, ում թվում է, թե ոչ մի էական բան չի տեղի ունեցել, ապրում են այլ երկրում:
Ինչպես հայտնի է՝ «Հիմնադիր խորհրդարանի»՝ ՊՊԾ գունդը գրաված զինյալները պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին եւ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Իսկ իշխանությունները ՊՊԾ գունդը գրաված զինյալներին պահանջում են վայր դնել զենքը եւ առանց դիմադրության հանձնվել: Ստեղծված իրավիճակը պատային է, եւ ցանկացած հանգուցալուծում ունենալու է իր խորքային հետեւանքները:
Խնդիր առաջին. իշխանությունները որոշում են ընդառաջ քայլ չկատարել, եւ Սերժ Սարգսյանը հրամայում է գրոհել «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին: Հասկանալի է, չէ, որ զենք-զինամթերքի հսկայածաված պաշարների, հատուկ պաշտպանվող տարածքում պատսպարված լինելու պայմաններում իրավապահները ստիպված են լինելու բազում զոհերի գնով գրոհել, ու ոչ ոք չի կարող ասել, թե այդ արյունահեղությունն ինչպիսի ընթացք կստանա: Նախ ոչ ոք չգիտի, թե զինյալները կոնկրետ քանի հոգի են, խոսվում է, թե մոտ 3 տասնյակ, եւ արդյոք հատուկ պահպանվող տարածքում նրանց վրա գրոհելը, երբ նրանք ամեն վայրկյան այդ քայլին սպասում են, ինչ ընթացք կստանա:
Արդյոք սա միակ խումբն է, որը ներգրավված է այս «ապստամբության» գործողությունների մեջ: Որեւէ մեկը, այդ թվում Հայաստանի ներկա իշխանությունները, չեն բացառում, որ համանման մեկ կամ երկու խմբեր էլ հանրապետության ինչ-որ տարածքում պատսպարված իրենց հրամաններին են սպասում: Ակնհայտ է, որ եթե անգամ իշխանությունները որոշեն, որ իրենց համար զոհերի լինել-չլինելու հարցն էական չէ, ապա գրոհը մարտավարական տեսանկյունից եւս ռիսկային է: Կա մի կարեւոր հարց, որը չի հնչել, եւ դրա պատասխանը ոչ ոք, թերեւս բացի զինյալներից, չգիտի. ՊՊԾ գունդը գրավելուց հետո նրանք ազատ գործելու ժամանակ ունեցել են, թե ոչ, որքան ժամանակ հետո են ոստիկանները տարածքը շրջափակել եւ օղակի մեջ վերցրել: Իրավապահները կարո՞ղ են միանշանակ համոզված լինել, որ մինչեւ տարածքն իրենց կողմից օղակի մեջ վերցնելը ՊՊԾ գնդում գտնվող զենք-զինամթերքից որոշակի քանակ դուրս չի տարվել:
Եթե անգամ Սերժ Սարգսյանը գրոհելու հրաման էլ արձակի, եւ իրադարձությունները զարգանան միայն ՊՊԾ գնդի տարածքում, ու երկուստեք զոհերի գնով իշխանությունները զինյալներին զինաթափեն, ապա Հայաստանի հասարակության զարգացումն առնվազն մի քանի տարով կրկին ետ կշպրտվի: Հաշվի առնելով, որ Հայաստանի հասարակությունը ներկայումս, մեղմ ասած, մի երեւելի վիճակում չէ, հասկանալի է, որ նման զարգացումների բացասական հետեւանքները կարող են կործանարար լինել մեր երկրի համար: Հայաստանի հասարակությունը կրկին կերկփեղկվի, եւ հանրությանը պատած հուսալքությունն էլ ավելի կխորանա ու կնպաստի արտագաղթի ծավալների մեծացմանը:
Խնդիր երկրորդ. ենթադրենք իշխանությունները ինչ-որ հրաշքով որոշում են կատարել «Հիմնադիր խորհրդարանի» անդամների պահանջները կամ դրանցից մեկը: Անկախ նրանից, որ այդ պահանջներն արդարացի են, եւ որ հանրության մեծ մասը դրանց հետ համամիտ է, միեւնույն է՝ իշխանությունների կողմից զենքի ճնշման տակ զիջումների գնալու քայլից հետո Հայաստանը կդադարի պետություն լինելուց: Իսկ երբ չկա պետություն, այլեւս անիմաստ է քննարկել, թե ով կամ ովքեր են այն ղեկավարում, քանի որ մշտապես կգտնվեն մարդիկ, որոնք կորոշեն նույնը կրկնել:
Այսինքն՝ գործ ունենք պատային վիճակի հետ: Անկախ նրանից, թե ով ինչպես է վերաբերվում ստեղծված իրավիճակին, այն այլեւս իրողություն է, եւ դրանից պետք է լուծումներ գտնվեն: Իսկ խնդրի լուծման բոլոր բանալիները մեկ մարդու` Սերժ Սարգսյանի ձեռքում են, ինչ տարբերակ կընտրի նա, այժմ որոշվում է, եթե, իհարկե, գիշերը չի որոշվել` մինչեւ այս հրապարակման լույս տեսնելը:
Հ.Գ. Որքան էլ աբսուրդային հնչի, բայց ակնհայտ է, որ ՊՊԾ գնդի գրավումը մեկ «դրական» հետեւանք կարող է ունենալ. նման պայմաններում ԼՂՀ խնդրի կարգավորման շուրջ բանակցությունները մի առ ժամանակ չեն կարող առաջին պլան գալ: Այս «պաուզան», թերեւս, շատ կարեւոր է, քանի որ վերջին շրջանում ակնհայտ էր, որ հայկական կողմը շատ բարդ իրավիճակում էր հայտնվել՝ գտնվելով աշխարհի գերտերությունների ճնշման տակ:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ