Մինչ հանրության շրջանում հնչում են տարատեսակ մեկնաբանություններ եւ որակումներ հուլիսի 17-ի առավոտյան «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրավելու եւ այնտեղ գտնվող անձանց պատանդ պահելու վերաբերյալ, տեղեկություններ են տարածվում այն մասին, որ իրենց տներից, հրապարակներից ապօրինաբար, առանց պատճառաբանության բերման են ենթարկվում քաղաքացիներ, այդ թվում` արվեստագետներ:
Հուլիսի 17-ի կեսօրին առանց բացատրության բերման ենթարկեցին գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանին, Ազատության հրապարակում ընդվզող քաղաքացիների կողքին կանգնած դերասանուհի, ռեժիսոր, «Ժառանգություն» կուսակցության անդամ Թամար Հովհաննիսյանը ահազանգեց «անմեղ մարդկանց հավաքել-տանելու մասին», արդեն հուլիսի 18-ին մամուլը գրեց արձակագիր Հովիկ Վարդումյանին բերման ենարկելու մասին. միակ պատճառաբանությունն այն է եղել, որ Վարդումյանը 92-93 թվականներին Արցախում կռվել է Ժիրայր Սէֆիլյանի հետ, հայտնի դարձավ նաեւ, որ «Գոհար» երգչախմբի երաժշտին նույնպես բերման էին ենթարկել առանց պատճառաբանության:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Թամար Հովհաննիսյանը ստեղծված իրավիճակը որակեց որպես կրիտիկական: «Սա այնքան մեծ կծիկ է, որ չեմ պատկերացնում` հանգուցալուծումը որը պետք է լինի: Բայց երկրի նախագահը թող հեռանա, թող հրաժարական տա, դա է ելքը: Առաջին քայլը դա պետք է լինի»,-ասաց նա:
Մենք զրուցեցինք խնդրով մտահոգ արվեստագետների հետ, որոնք չեն խուսափում արտահայտել քաղաքական-հասարակական խնդիրների շուրջ իրենց կարծիքը:
Դերասան Սերգեյ Դանիելյանը, օրինակ, այն համոզման է, որ սա շատ ցավալի, բայց օբյեկտիվ, ոչ զարմանալի պրոցես է. «Տարիներ շարունակ ժողովուրդը սահմանադրական միջոցներով ոչնչի չի հասել, եւ պարզ է, որ դա պետք է բերի այսպիսի այլանդակությունների: Հանգուցալուծումը իշխանությունների ողջախոհությունն է` տղերքի հետ բանակցությունների գնալը: Ես նրանց որպես տեռորիստ, որպես թշնամի դիտարկել չեմ կարող: Կարծում եմ` յուրաքանչյուր բանակցություն կարող է կանխել աղետը: Մեզ մնում է ավելի չսրել իրավիճակը, կամ, եթե ամբողջ ժողովուրդը դուրս գա փողոց, դա էլ է լուծում. իշխանությունը կհասկանա, որ սա պատահական խուլիգանների խումբ չէր, այլ ժողովրդի զգալի մասի հույզերն արտահայտող մարդիկ»,-կարծիք հայտնեց նա:
Անդրադառնալով ոստիկանության ապօրինի գործողություններին` Ս. Դանիելյանը նկատեց, որ ոստիկանությունը միշտ էլ եղել է իշխանության գործիքը. «Նրանից այլ բան սպասելը մանկամտություն է, նա անում է այն, ինչ իրեն հրամայում են: Դա բիրտ, ուժային կառույց է, իրենց ասել են՝ օրենքը խախտի, խախտում են, ես ոստիկանությանը չեմ մեղադրում: Իհարկե, անհատական մակարդակով կարելի է մեղադրել, բայց ոստիկանությունը, որպես այդպիսին, բարոյականությունից դուրս է»,-ասաց նա:
Դերասանը նշեց, որ զինված խմբի անդամներին կարեկցողներ կան, բայց չի էլ կարող մեղադրել ժողովրդին այն բանի համար, որ նրանց կողքին չի կանգնում. «Եթե այս պրոցեսը ճնշվի, կսկսվի մեկ ուրիշը, հո չպրծա՞վ: Չլինեն սրանք, վաղը կգան մյուսները»,-մեկնաբանեց նա:
ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը, անդրադառնալով թեմային, նախընտրեց լակոնիկ լինել. «Ժողովուրդն ամեն ինչ հասկանում է, էդ մի քանի ճղճղացողները, որ մեջտեղ են ընկել, դրանցով մի՛ դատեք»,- ասաց նա` զերծ մնալով մանրամասնել` կոնկրետ ինչ կամ ում նկատի ունի:
Դերասան, Հայաստանի ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանին էլ ամենաշատը մտահոգում է ժողովրդի անունը. «Մեր ազգի մեջ նման բաներ միշտ լինում են, ու դա շատ սխալ է: Մարդիկ պետք է հասկանան, որ մենք խաղաղասեր, արվեստասեր, աշխատասեր ժողովուրդ ենք: Պետք է զգույշ լինել, այնպիսի քայլեր անել, որ դրանք վատ ադրադարձ չունենան մեր ժողովրդի բարձր անվան վրա»,-շեշտեց նա:
Իսկ, ահա, երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանը, անդրադառնալով վերոնշյալ իրադարձություններին, հիշեց ամիսներ առաջ համացանցում մեծ տարածում գտած տեսանյութը, որտեղ մի պապիկ վրդովված դիմում էր երկրի նախագահին. «Նա ասում էր՝ տունս խլել են, երեխեքս՝ թողել-գնացել են, ինչպե՞ս ապրեմ: Ձե՛զ փոխեք, ոչ թե Սահմանադրությունը: Իսկ նախագահի հեռանալուց հետո վիրավորված ետեւից գոռում էր՝ ուզում եք մեզ շինեք տեռորի՞ստ, կստանաք: Կարծում եմ, որ հենց այդ պատճառներով էլ հասանք այս վիճակին` օր օրի ահագնացող աղքատություն, օր օրի ավելացող գործազրկություն, ընտրովի արդարադատություն, այսինքն` անպատժելիություն, ահռելի մասշտաբների հասնող կոռուպցիա, բացարձակ անհաղորդություն քաղաքացու խնդիրներին: Իսկ համբերության բաժակը լցրեց ապրիլը, երբ վերջապես պայթեց անվտանգության փուչիկը»,-եզրափակեց նա:
Աննա Բաբաջանյան