ՎԵՐԱՊՐՈՖԻԼԱՎՈՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության երեկվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը անդրադարձել է պետական սեփականություն հանդիսացող անավարտ շինարարության օբյեկտների խնդրին: «Մեր քաղաքացիների որոշ խմբերի սոցիալական բնակարանով ապահովելու պարտավորություն ունենք, եւ շատ ավելի մատչելի կլինի, եթե ավարտին հասցնենք անավարտ շինարարությունը, այլ ոչ թե զրոյից նոր շինարարություն սկսենք: Եթե կան այդպիսի անավարտ օբյեկտներ, ապա նպատակահարմար է դրանց վրա գումար ներդնել»,-նշել է վարչապետը: Այսպիսով` կարելի է չկասկածել, որ առաջիկայում ականատեսը կլինենք տարբեր անավարտ շինությունների` սոցիալական բնակարանաշինության ծրագրերի վրա «սաղացնելու» գործընթացին: Ստացվում է, որ պետությունը սկսել է այս կամ այն օբյեկտի շինարարությունը` այն նախագծելով որպես, օրինակ, արտադրամաս կամ հանրային նշանակության շենք, սակայն չունենալով համապատասխան միջոցներ` մինչեւ վերջ չի կարողացել հասցնել շինարարությունը: Եվ հիմա Տ. Սարգսյանը առաջարկում է, որ պետությունը գումարներ ծախսի այդ կիսակառույց օբյեկտները վերապրոֆիլավորելու եւ բազմաբնակարան շենքեր ստանալու համար: Սակայն պարտադիր չէ ճարտարագետ լինել` հասկանալու համար, որ բնակելի եւ հանրային նշանակության շենքերի միջեւ տարբերությունը, մեղմ ասած, մեծ է, իսկ դրանց վերափոխումը` կրկնակի ծախսատար: Հետեւաբար, այս նախաձեռնության տակ առկա է այլ խնդիրների լուծման ցանկություն: Վարչապետը նաեւ անդրադարձել է մասնավոր հատվածի անավարտ շինարարությանը` նշելով. «Կան շենքեր, որոնք արդեն տասը տարուց ավել է, ինչ անավարտ վիճակում են: Արդեն պետք է որոշում կայացնենք, թե ինչ ենք անելու, եթե մասնավորը պարտավորություն է ստանձնել շենքը հասցնել ավարտին ու ավարտին չի հասցնում. դրա հետեւանքով բազմաթիվ հանրային խնդիրներ են առաջանում: Այդ հարցերը պետք է քննարկել, լուծումներ առաջարկել, ինչ տույժ, տուգանք կարելի է կիրառել կամ դատական գործընթաց սկսել»: Իհարկե գովելի է, որ երկրի վարչապետը վերջապես որոշել է մտահոգվել այդ խնդրով, սակայն եթե մեր հիշողությունը մեզ չի դավաճանում, նա մոտ չորս տարի առաջ Ռուսաստանից ստացված  բարձր տոկոսադրույքով 500 միլիոն դոլարանոց վարկի մի զգալի մասը հենց անավարտ շինարարությունը ավարտին հասցնելու նպատակով բաշխեց յուրային գործարարներին: Այդպես էլ, մինչ օրս, հանրությանը հաշվետվություն չներկայացվեց, թե դրա արդյունքում ինչ շահեց ՀՀ տնտեսությունը, եւ որքանով հաջողվեց ճգնաժամից հանել շինարարական բիզնեսը: Ուստի, թերեւս տեղին կլիներ, որ մինչ մտահոգությունների հերթական «փաթեթը» ներկայացնելը, վարչապետը նախ նշեր, թե ինչու են այդ միջոցները ուղղվել ոչ թե սոցիալական բնակարանաշինությանը, այլ որոշ օլիգարխների բիզնեսներին: Իսկ քաղաքացիները, որոնց վճարած հարկերի եւ չբարձրացող աշխատավարձերի հաշվին պետք է մարվի այդ վարկը, լավագույն դեպքում կարող են բնակարան ստանալ որեւէ վերապրոֆիլավորված օբյեկտում:




Լրահոս