Սկսելու ենք հավաքվել Էրեբունու ոստիկանությանը հարող հատվածում. «Մենք ենք տերը մեր երկրի»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, համաձայն որի այսօրվանից սկսած՝ ամեն օր՝ ժամը 18.30-ին պատրաստվում են հավաքվել Էրեբունու ոստիկանության հարակից հատվածում:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.

«Բնականաբար, մասնակիցների մի մասը ցանկանում է այնտեղ մնալ շուրջօրյա, որ միշտ հսկողության տակ պահի իրավիճակը և թույլ չտա ոստիկանությանը բռնի գործողություններ կիրառի «Սասնա ծռեր» խմբի տղաների նկատմամբ: Ամեն մարդ ինքը կորոշի՝ մնալ շուրջօրյա, թե՝ ոչ: Անկախ նրանից, թե առանձին իվենթ կբացվի, թե՝ ոչ, մենք այս գրաֆիկը չենք փոխելու, այսինքն՝ ամեն օր՝ ժամը 18:30-ից սկսելու ենք հավաքվել Էրեբունու ոստիկանությանը հարող հատվածում կամ մնալու ենք այնտեղ՝ ի զորակցություն «Սասնա ծռեր» խմբի տղաների: Մենք ամեն ինչ անելու ենք, որ բացառվի որևէ ուժային լուծում ստեղծված իրավիճակում: Մեր նպատակն է աչալուրջ մնալ մոտակա մի շաբաթվա ընթացքում մինչև հարցի անուժային հանգուցալուծումը:

Կհավաքվենք այն փողոցների խաչմերուկում, որտեղից այն կողմ արդեն ոստիկանությունը փակել է ճանապարհը բեռնատարներով՝ Խորենացի փողոցի վրա:

Մենք համարում ենք, որ «Սասնա ծռեր» խումբը պաշտպանում է բացառապես Հայաստանի ու նրա քաղաքացիների շահերը, այդ քայլին է գնացել բացառապես այդ շահերից ելնելով և նպատակ ունի ապահովել Հայաստանի ու Արցախի տարածքային անձեռնմխելիությունը ու ամբողջականությունը: Այդ խումբը հայտարարել է, որ չի ձգտում գալ իշխանության:

Եթե այդ խմբի որևէ անդամի նկատմամբ ուժ կիրառվի ոստիկանության կողմից, մենք դա համարելու ենք ոտնձգություն հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի տարածքային ամբողջականության դեմ»:

 




Լրահոս