«Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանից պարզել՝ արդյոք նա եւս պատրաստվում է հրաժարականի դիմում ներկայացնել ու հեռանալ: Տեղեկություններ կան, որ դատախազության համակարգի աշխատակիցները չեն ցանկանում աշխատել նորանշանակ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ՝ համարելով անհնար: -Ես գտնում եմ, որ այդ հարցը, որն ուղղում եք ինձ, պատշաճ չէ: Երբ որ դիմում կգրեմ, այդ ժամանակ կիմանաք, եղա՞վ: Հարցն իսկապես տեղին չէ, այդպես չի կարելի: -Բայց դատախազությունում շատերը դիմում են գրել ու չեն ցանկանում նոր գլխավոր դատախազի հետ աշխատել, Դուք նման… -Երբ որ որոշեմ, այդ ժամանակ կիմանաք, էլի՛, հո թաքուն չի՞ լինելու: -Իսկ դիմում գրելու մտադրություն ունե՞ք: -Ես առայժմ այնքան ծանրաբեռնված եմ, եղա՞վ: Եթե անձնականի հետ կապ չունեցող այլ հարցեր ունեք, խնդրեմ: Ուրեմն ես մասնագետ եմ, իրավաբան եմ եւ իմ մասնագիտական գիտելիքները ներ եմ դնում ի շահ իրավական համակարգի զարգացման, կատարելագործման, բարելավման, վերջին հաշվով՝ արդարադատության հնարավորության ճիշտ կիրառման համար: Այդ առումով բազմաթիվ խնդիրներ ունենք լուծելու, եւ կարծում եմ, որ այսօր շատ ավելի կարեւոր են այդ խնդիրները, քան Ձեր կողմից հնչեցրածը: Կարծում եմ՝ դրանք այն հարցերը չեն, որ այսօր հասարակությանը հետաքրքրում են, մենք ավելի լուրջ աշխատանքներ ենք կատարում, տարբեր հարցեր ենք փորձում լուծել: Եվ կարիք չկա նման հարցեր հնչեցնել: -Տեղեկություններ կան, որ դատախազության աշխատակիցները բողոքում են, թե նորանշանակ դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ շատ դժվար է աշխատել: Հետաքրքիր է այդ մասով իմանալ նաեւ Ձեր տեսակետը: Իսկապե՞ս այդքան դժվար է նրա հետ «լեզու» գտնել: -Հիմա ի՞նչ է Ձեզ թվում, դա 3 օրվա կամ 4 օրվա ընթացքում հնարավո՞ր է, այդպես միանգամից, կտրուկ եւ այլն… Կապրենք, կտեսնենք, եթե հնարավոր չեղավ, այլ խնդիրներ կլինեն, հնարավոր եղավ, այլ լուծումներ կլինեն: Այս պահին այդպես կտրուկ ասել… -Օրինակ՝ Արմեն Դանիելյանը մի քանի օրվա ընթացքում հասկացավ, որ անհնար է աշխատել Գ. Կոստանյանի հետ… -Արմեն Դանիելյանը լրատվամիջոցներին՝ ձեզ, հակառակ բանն է ասել: Այսքանը: