ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ` ԻՆՔՆԱՀԱՍՏԱՏՄԱՆ ՊՈԶԻՏԻՎ ԱՏՐԻԲՈՒՏԻԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դրվագ առաջին. ԱԺ միջանցքում հանդիպում են ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանն ու «Ժառանգություն»-ից Զարուհի Փոստանջյանը, եւ նրանց միջեւ սկսվում է մոտավորապես նման մի երկխոսություն.
Ա. Մովսիսյան (ժպտալով). Հարգելի՛ տիկին Փոստանջյան, բարի վերադարձ: Գիտե՞ք, ես էլ լսեցի ԵԽԽՎ-ում ՀՀ նախագահին Ձեր ուղղած հարցը, եւ թո՛ւյլ տվեք ասել, որ համաձայն չեմ այդ հարցի ձեւակերպման հետ: Չէի ուզի կոպիտ արտահայտվել, ներողություն եմ խնդրում, բայց արդյո՞ք նման երեւույթները ջուր չեն լցնում թուրքաադրբեջանական ջրաղացին:
Զ. Փոստանջյան. Հարգելի՛ պարոն Մովսիսյան, ես պարզապես հնչեցրի այն հարցը, որ հուզում է ՀՀ քաղաքացիների 80 տոկոսին: Բայց եթե իմ հարցը Ձեզ վրա այդպիսի տպավորություն է թողել, ապա հայցում եմ Ձեր ներողամտությունը:
Այդ պահին նրանց է մոտենում ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը. «Հարգելի՛ Փոստանջյան, բարի վերադարձ: Ուզում էի փուչիկներով ու ծաղկեփնջերով գալ օդանավակայան՝ դիմավորելու Ձեզ: Բայց տարակուսեցի, որովհետեւ թեեւ իշխանության ներկայացուցիչներս հանդուրժող ենք, սակայն թո՛ւյլ տվեք նաեւ ասել` համաձայն չեմ ստրասբուրգյան Ձեր հարցի հետ»:
Դրվագ երկրորդ: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նահապետ Գեւորգյանը հարցազրույց է տալիս լրագրողներին. «Սիրելի՛ լրագրողներ, ուրախ եմ ողջունելու Ձեզ: Կրկին ԱԺ քառօրյա, եւ կրկին հանդիպում եմ ձեզ: Այսօր պատրաստ եմ պատասխանել ձեզ հուզող բոլոր հարցերին ե՛ւ պատգամավորական գործունեությանս, ե՛ւ քաղաքական իրավիճակի, ե՛ւ, ինչու չէ, ՀՀ արտաքին քաղաքական ուղեգծի վերաբերյալ»: Այդ պահին ԱԺ դահլիճից դուրս է գալիս մեկ այլ ՀՀԿ-ական` Մհեր Սեդրակյանը, եւ իրեն մոտեցած լրագրողներին ողջունում. «Հարգելի՛ լրագրողներ, չեք պատկերացնում՝ որքան եմ հպարտանում ձեզանով, իմ օրը սկսում եմ թերթ կարդալով… Հա՞րց էիք ուզում տալ: Խնդրեմ, պատրաստ եմ պատասխանել»:
Այս դրվագները շատերին հիշեցնում են անեկդոտանման պատմություններ, քանի որ անգամ երեխային է պարզ` նման վարքագիծը ՀՀ ԱԺ-ում, մեղմ ասած, բացառված է: Բայց արի ու տե՛ս, որ իշխանությունները փորձում են տպավորություն ստեղծել, թե իրենք «քափ ու քրտինք կտրած» անում են ամեն ինչ` խորհրդարանում նման մթնոլորտ ձեւավորելու համար: Նույնիսկ մշակվել են «ԱԺ պատգամավորի էթիկայի կանոններ», որոնք ներկայացվեցին երեկ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած «Խորհրդարանական էթիկա. պատգամավորի վարքագծի կանոնները» թեմայով լսումների ժամանակ: Այդ կանոններով նախատեսվում է, որ պատգամավորը պարտավոր է զսպված եւ հարգալից վերաբերմունք դրսեւորել քաղաքական ընդդիմախոսների, ԱԺ հարցերի քննարկման մասնակիցների, բոլոր այն անձանց նկատմամբ, ում հետ շփվում է ի պաշտոնե: Պատգամավորը պարտավոր է զերծ մնալ վիրավորական արտահայտություններ օգտագործելուց ինչպես մյուս պատգամավորների, այնպես էլ ԱԺ աշխատակազմի, ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ: Ավելին, ԱԺ նիստերում այլ պատգամավորի հիշատակելիս պարտավոր է օգտագործել բացառապես «հարգելի՛ պարոն/տիկին….» դիմելաձեւը: Պատգամավորը պարտավոր է հանդուրժողաբար վերաբերել իր հանդեպ քննադատությանը, պարտավոր է օգտագործել իրեն հատկացված միջոցները եւ գույքը բացառապես ծառայողական նպատակներով:
Երեկվա լսումներին մասնակցում էին նաեւ կանադացի ու եվրոպացի փորձագետներ, որոնք էլ իրենց հերթին էին հայ պատգամավորներին սովորեցնում, թե ինչն է անհարիր օրենսդիր մարմնի ներկայացուցիչներին: Օրինակ` անթույլատրելի է, երբ պատգամավորի մեքենան անցնում է կարմիր լույսի տակով, կամ պատգամավորները միջնորդում են, որ իրենց ծանոթներն ընդունվեն համալսարաններ, իրենց կնոջը կամ բարեկամուհուն ընդունում են աշխատանքի, չարաշահում են պետական բյուջեի միջոցները: Բրիտանացի Ջոն Լյոն նույնիսկ օրինակ բերեց` եթե պատգամավորի մեքենան խախտի ճանապարհային երթեւեկության կանոնները, ապա նրան կարող են ենթարկել հասարակական պարսավանքի: Մի խոսքով` պատգամավորը պետք է լինի էտալոն: Իսկ արդյո՞ք նման բան հնարավոր է ՀՀ ԱԺ-ում: Դժվար չէ ենթադրել` ո՛չ: Պատահական չէր, որ երեկ՝ էթիկայի թեմայով լսումներին, 131 պատգամավորից մասնակցում էր 8-ը, այն էլ` հիմնականում ոչ իշխանական խմբակցություններից: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հակադարձեց. «Ինչ Եվրոպայում կամ ԱՄՆ-ում կարող է դիտվել պատգամավորի կողմից էթիկայի կանոնների խախտում, Հայաստանում իրենց կարգավիճակի ինքնահաստատման պոզիտիվ ատրիբուտիկա է»: Նա նաեւ հավելեց, թե Հայաստանում ցանկացած օրենք չի գործելու, քանի դեռ օրենքը կիրառվում է խտրականորեն, եւ կան օրենքից վեր կանգնած մարդիկ:
Այնպես որ, Հայաստանում օրենքները չեն գործում, ուր մնաց՝ խորհրդարանում գործեն ԱԺ գումարումներից գումարում դեգերող էթիկայի կանոնագրերը: Մանավանդ որ այսօր իր դերն ու նշանակությունը կորցրել է անգամ էթիկայի հանձնաժողովը, որը պետք է զբաղվեր նույն պատգամավորների էթիկայով:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս