ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ
Երեկ հրավիրված մամլո ասուլիսին ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եկել է ոստիկանների ուղեկցությամբ: Նա, ինչպես հայտնի է, ԵԽԽՎ-ում Ս. Սարգսյանին ուղղված կազինոների մասին հարցից հետո ստացել է բազմաթիվ սպառնալիքներ, ուստի ոստիկանությանը խնդրել է ապահովել իր անվտանգությունը:

ԿՐԱԿՈՑԻ ՀԵՏՔՈՎ
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12:05-ին, Խորենացու փողոցում հնչած կրակոցի մասին ահազանգի հետքերով ոստիկանությունը բերման է ենթարկել 1992թ. ծնված Տիգրան Ս.-ին: Պարզվել է, որ դեպքին մասնակից է եղել նաեւ 1984թ. ծնված Արմեն Թ.-ն, որը վիճաբանությունը կանխելու նպատակով իր մոտ եղած գազային ատրճանակից 1 անգամ օդ է կրակել: Նա հանձնել է «Ատմագա» տիպի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակը` լիցքավորված 2 փամփուշտով: Հանգամանքները պարզվում են:

ԸՆԴԴԵՄ ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ
Երեկ Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը կառավարության հաստատմանն է ներկայացրել ՀՀ կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը: Սակայն արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտարարել է, թե կոմիտեին լիազորությունների տրամադրումը հակասահմանադրական է: «Մեր Սահմանադրության համաձայն՝ պետական մարմնի լիազորությունները կարող են սահմանվել բացառապես Սահմանադրությամբ եւ օրենքներով: Մենք այստեղ, ուզենք թե չուզենք, պիտի հաստատենք, որ կոմիտեին տալիս ենք լիազորություններ, ինչը չունենք օրենքով, այսինքն՝ Սահմանադրությամբ այս կոմիտեի մասին բան չկա: Մենք այս փուլում պիտի դիտարկենք, որ կոմիտեն լինելու է խորհրդատվական մարմին»: Ուշագրավ է, որ Տիգրան Սարգսյանին այդպես էլ չի հաջողվել ընդհատել Հ. Թովմասյանի` կոմիտեի դեմ ելույթը:

ՄԻԱՅՆ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի գնահատմամբ` միայն կենսաթոշակների անբավարար մակարդակի պատճառով երկրում աղքատությունն ավելանում է 5.5%-ով: Այդ պատճառով էլ, ըստ նախարարի, կառավարությունը որոշել է բարձրացնել կենսաթոշակները, ինչի արդյունքում մոտ 25 հազ. անձ աղքատության գծից բարձր կենսաթոշակ կստանա:

PR-Ի ԿԱՐԻՔ ՉՈՒՆԻ
ԱԻ փոխնախարար Դավիթ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է նախօրեին Դավթաշենի կամրջի վրա ԱԻ նախարար Արմեն Երիցյանի կողմից 32-ամյա երիտասարդի ինքնասպանության կանխումը չստացված PR համարողներին. «Արմեն Երիցյանն այն եզակի պաշտոնյաներից է, ովքեր շինծու PR-ի կարիք չունեն. նրա մասին իր գործերն են խոսում… Ովքեր հիշողություն ունեն ու հիշում են ԱԻՆ-ը 3 տարի առաջ ու տեսողություն ունեն եւ տեսնում են ԱԻՆ-ը այսօր, կարող են վկայել ասվածի ճշմարտությունը»:

ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
ՀՀ նախագահի հրամանագրերով Սաշա Աֆյանն ու Հովհաննես Հունանյանն ազատվել են ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից:
ՀՀ ոստիկանության պետի տեղակալներ են նշանակվել Անուբախ Համբարյանը եւ Սամվել Հովհաննիսյանը:
ՀՀ նախագահի հրամանագրով դադարեցվել են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Էմիլ Բաբայանի լիազորությունները: Վերջինս նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:




Լրահոս