ԻՆՉՈ՞Ւ ՍՆՈՒՆԴԸ ՉԻ ԲԱՎԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդունված է ասել, որ Հայաստանում ամենամեծ գումարները շրջանառվում են քրեակատարողական հիմնարկներում: Որպեսզի հասկանալի լինի, թե որքանով են իրական այդ խոսքերը, «Ժողովուրդ» օրաթերթը վերջին մի քանի օրերի ընթացքում այցելեց տարբեր ՔԿՀ-ներ՝ անձամբ համոզվելու, թե ինչ գումարների մասին կարող է խոսք լինել:

Ահա բացահայտվեց հետեւյալը

ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, որը երբեւէ առնչվել է բանտարկյալների հարազատների հետ կամ անձամբ ունեցել է բանտարկյալ հարազատ, հասկացել է, որ եթե բանտարկյալին սննդամթերք չուղարկեն, հնարավոր է, որ նա բանտում պարզապես սովամահ լինի, որովհետեւ այն սնունդը կամ հացի որակը, որը տրամադրվում է բանտարկյալներին, մեղմ ասած, ուտելու բան չէ: Ընդ որում, սա նոր իրողություն չէ, այլ տարիներ շարունակ ՔԿՀ-ներում ձեւավորված «ավանդույթ» է:
Հիշեցնենք, որ դեռեւս 2008թ. մարտյան հայտնի դեպքերից հետո, երբ հարյուրից ավելի ընդդիմադիր ակտիվիստներ կալանավորվեցին, նրանք բացահայտեցին, թե ինչ հաց են մատուցում ՔԿՀ-ներին եւ ինչ են ստիպում ուտել կալանավորներին` պարզապես սեւ, կիսաեփ խմոր:

Զարհուրելի տեսարան
ՔԿՀ-ներում

Ի՞նչ է փոխվել այս տարիների ընթացքում ոլորտի պատասխանատուների փոփոխությանը զուգահեռ: Հոկտեմբերի 14-ին «Ժողովուրդ»-ը նախ այցելեց «Նուբարաշեն» ՔԿՀ, որտեղ ականատես եղանք զարհուրելի տեսարանի: Ցերեկը՝ ժամը 12:00-ին, ՔԿՀ-ում մարդկանց հոսքը չէր դադարում: Բանտարկյալների հարազատների ծանրոցներից կարելի էր ենթադրել, թե ինչ տխուր վիճակում են գտնվում նրանք: Մարդկանց բերած տոպրակներում երեւում էր, որ բացի ծխախոտից, երշիկից, շաքարավազից ու կենսական անհրաժեշտության այլ ապրանքներից, նաեւ հաց են տանում կալանավորներին: Ըստ էության, ոչինչ էլ չէր փոխվել. դարձյալ մի մեծ սենյակում հավաքում էին հարազատների կողմից բերված ծանրոցները՝ փնթի ու անկազմակերպ ձեւով ուղարկելով ներս:

Նախ նկարագրենք ծանրոց
տանելու գործընթացը

Քրեակատարողական հիմնարկի ներսում բանտարկյալների հարազատներին տրամադրում էին նախազգուշացնող թերթիկ, որում նշված է, թե «հասցեագրված հանձնուքում թմրամիջոց, հոգեմետ նյութեր եւ դրանց պրեկուրսորներ հայտնաբերվելու դեպքում ենթակա եմ քրեական պատասխանատվության»: Նախազգուշացմանը ծանոթանալուց հետո մարդիկ գրում են իրենց անուն-ազգանունը, ստորագրում եւ անցնում հերթական առավել պատասխանատու գործողությանը` դիմում-թերթիկում նշելով, թե ինչ են բերել բանտարկյալին (տե՛ս լուսանկարը): Այս բոլոր գործողությունները կատարելուց հետո ՔԿՀ-ի սննդի բաժնի պատասխանատուները վերցնում էին ծանրոցն ու տանում: Ուշագրավն այն էր, որ բանտարկյալների հարազատներն անգամ անկողնային պարագաներ էին փոխանցում կալանավայր: «Ժողովուրդ»-ը տեղում պարզեց, որ եթե բանտարկյալին գումար են փոխանցում, ապա այդ գումարի 10 տոկոսը՝ որպես «փոխադրավարձ», ի սկզբանե գանձում է փոխանցողը` ՔԿՀ-ի աշխատակիցը: Հետաքրքիրն այն է, որ հենց ՔԿՀ-ի ներսում գործում է խանութ, որտեղից, ըստ երեւույթին, բանտարկյալները կարողանում են անհրաժեշտ գնումներ կատարել:

Պաշտոնական պարզաբանում

«Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանից ճշտել, թե ինչու բանտարկյալները նորմալ չեն սնվում, ու մարդիկ ստիպված են լինում անգամ հաց տանել կալանավայր. «Ըստ «ՀՀ ԱՆ կալանավորվածներին պահելու վայրերի եւ ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 03.08.2006թ. N 1543-Ն որոշման (հանձնուքներ, ծանրոցներ, փաթեթներ ընդունելու եւ հանձնելու դրամական փոխանցումներ ստանալու եւ ուղարկելու կարգը)՝ դատապարտյալի կամ կալանավորված անձի ցանկությամբ նրանց հարազատները կարող են սնունդ բերել: Ըստ նույն որոշման (ձեւ N 2)` կանոնակարգվում է այն իրերի, առարկաների եւ սննդամթերքի ցանկը, որոնք արգելվում են ունենալ կալանավորված անձանց եւ դատապարտյալներին իրենց մոտ, ստանալ կամ ձեռք բերել հանձնուքներով, ծանրոցներով եւ փաթեթներով: Ինքս մի քանի անգամ ոչ միայն համտեսել եմ, այլեւ ճաշակել եմ կոնկրետ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի սնունդը: Հավատացե՛ք, այն վատը չէ: Եթե դատապարտյալը կամ կալանավորված անձն այն չի ցանկանում օգտագործել, դա իր իրավունքն է: Հավելեմ, որ դատապարտյալներին բերվող սննդի քաշն անսահմանափակ է»:

Նույնիսկ հիվանդանոցո՞ւմ սնունդ չկա

«Ժողովուրդ»-ը եղավ նաեւ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, որտեղ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի նման իրավիճակը նույնն էր, սակայն կար մեկ տարբերություն. սննդի մատակարարումը «բարձր մակարդակով» էր կազմակերպված, եւ բանտարկյալների հարազատները հերթ չէին կանգնում: Այնտեղ համապատասխան նախազգուշացումները փակցված էին պատերին, եւ բանտարկյալների հարազատներին մնում էր հանձնել սնունդը, սպասել, որ այն համապատասխան սարքի միջոցով ստուգվի եւ վերջ:
Տեղեկացանք, որ «Դատապարտյալների հիվանդանոց»-ում, երբ բանտարկյալները որոշում են բողոքի ձայն բարձրացնել, ոչ թե քիթ ու բերան են կարում, այլ կազմակերպված ձեւով մտնում են ճաշարան եւ պահանջում իրենց հասանելիք սնունդը, որն այդ քանակությամբ չկա: Բնականաբար, ՔԿՀ ղեկավարը ստիպված է լինում լսել ու երբեմն էլ գնալ զիջումների:
Իսկ թե տարեկան որքան գումար են ստանում ՔԿՀ-ները՝ բանտարկյալներին սնունդով եւ կենցաղային պարագաներով ապահովելու համար, եւ ինչպես են ծախսվում դրանք, որ բանտարկյալները մնում են տանից բերված ծանրոցների հույսին, կմանրամասնենք «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում:

շարունակելի
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս