ԵՐԲ ՏԵՂՈՒՄ ՉԷ ՆԱԽԱՐԱՐ ԴԵՐՈՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պատերի հսկայական ճեղքեր, խոնավ առաստաղ, ոչ հիգիենիկ տեսքով սանհանգույց եւ այլ գորշ տեսարաններ. սա ոչ թե 90-ականների հանրակացարանների մասին պատմող ֆիլմից է, այլ մայրաքաղաքում գտնվող մերօրյա պոլիկլինիկայի բժշկական սենյակի նկարագրություն, որը նախատեսված է մանուկների բուժման համար:
Թեեւ Հայաստանի Հանրապետությունում պոլիկլինիկաներից օգտվելն անվճար է, սակայն երբեմն այդ բուժհաստատություններում այնպիսի սանիտարահիգիենիկ պայմաններ եւ բուժսպասարկման մակարդակ է լինում, որ այցելուները նախընտրում են դիմել տնային բժշկությանը: Համենայնդեպս, «Ժողովուրդ»-ին դիմած դժգոհ քաղաքացիներն այդ համոզմանն էին: Նրանք բողոքում էին Երեւանի քաղաքապետարանի թիվ 19 եւ Երեւանի թիվ 2 բուժմիավորման պոլիկլինիկաներից: Առաջինում սենյակներն են «ռմբակոծված», երկրորդում էլ բժշկական քարտեր են լրացնում` առանձնապես չհետաքրքրվելով այցելուի առողջական վիճակով:
«Սանիտարահիգիենիկ այդ պայմաններում գտնվող առողջ մարդն էլ կհիվանդանա, էլ ուր մնաց՝ այնտեղ այցելած հիվանդները բուժվեն: Խոսքը երեխաների մասին է, որոնք առավել խոցելի են: Եվ առհասարակ, մի՞թե կարելի է առողջապահական հիմնարկությունում նման միջավայրում աշխատել` բուժել կամ թե բուժվել»,-դժգոհեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչը:
Խնդրի հետ կապված պարզաբանում ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց թիվ 19 պոլիկլինիկայի տնօրեն Սամվել Սարգսյանի հետ: Նախքան զրույցը սկսելը նա հրավիրեց շրջել պոլիկլինիկայում եւ համոզվել, որ ամեն ինչ նորմալ է, ու ոչ մի խնդիր չկա: Սկսելով կանանց կոնսուլտացիայի բաժանմունքից (որն իրոք բարվոք վիճակում էր)՝ հերթը հասավ մանկական բաժանմունքին: Սակայն այս բաժանմունքի առաջին իսկ սենյակը մեր ճանաչողական շրջայցում վերջինը եղավ, քանզի ականատես եղանք ճիշտ նույն պատկերին, որը ներկայացրել էին մեզ դիմած դժգոհ քաղաքացիները:
«Պոլիկլինիկայի պատուհանների 60 տոկոսը փոխված է, ու այս աշխատանքները դեռ ընթացքի մեջ են: Նաեւ բուժաշխատողների աշխատավարձերն ավելացվեցին վերջերս, այսինքն՝ մեր ՓԲԸ-ն մշտապես ծախսերի առաջ է կանգնած: Սակայն ես վստահեցնում եմ, որ 2014-ի մեր ծրագրերի մեջ կա մանկական բաժանմունքի վերանորոգումը: Շուտով նախագծանախահաշվարկային տվյալները կներկայացնենք, ու հաջորդ տարի համապատասխան աշխատանքները կարվեն»,-հավաստիացրեց պոլիկլինիկայի տնօրենը:
Ինչ վերաբերում է Երեւանի թիվ 2 բուժմիավորման պոլիկլինիկային, այնտեղ էլ, ըստ քաղաքացիների, բուժսպասարկումն է ոչ բարվոք: «Մեր կազմակերպությունը պարբերաբար բժշկական ստուգումների է ուղարկում մեզ, սակայն միշտ «անկետաներ» են լրացնում՝ նույնիսկ չհետաքրքրվելով` գլխացավ ունես, թե ոչ: Ինձ թվում է, որ տեսողության խնդիր ունեմ, սակայն չեմ բարձրաձայնում, որովհետեւ չեմ ուզում՝ հարց ծագի, քանի որ եթե չեն ստուգում, ուրեմն չեն ուզում»,-ասաց մեզ դիմած բնակչուհին:
Թիվ 2 պոլիկլինիկայի փոխտնօրեն Անահիտ Զոհրաբյանը խնդրի վերաբերյալ հետեւյալ մեկնաբանությունը տվեց. «Շուրջ 20 բժիշկ ունենք, հնարավոր է՝ նաեւ նման բան պատահած լինի, սակայն գուցե թյուրիմացություն է տեղի ունեցել: Խոստանում եմ՝ մենք կփորձենք պարզել եւ ամեն ինչ կանենք, որ բժիշկներն առավել զգոն լինեն: Նման դեպքեր չպետք է տեղի ունենան»:
Փաստորեն, հիվանդ երեխաները դեռ մեկ տարի էլ պիտի դիմանան խարխուլ սենյակներին, մինչեւ որ վերանորոգման հերթը հասնի, իսկ ինչ-ինչ կազմակերպությունների կողմից ուղեգրված քաղաքացիների բժշկական քարտերն էլ դեռ որոշ ժամանակ պիտի լցվեն մտացածին ախտորոշումներով, մինչեւ որ տնօրինությունը պարզի՝ «ինչն ինչոց» է: Մենք հետեւողականորեն կսպասենք նշյալ խնդիրների` պատասխանատուների կողմից խոստացված լուծումներին:

ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Լրահոս