ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏՆ ՈՒ ԾԱՏՈՒՐՅԱՆՆ ԱՆՀՈԳ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես մարզպետը չեմ»,-ճիշտ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ձայնով պատասխանեցին մեր հեռախոսազանգին: Նպատակ ունեինք հենց Ցոլակյանից ճշտել, թե ինչն է դրդել իրեն «չարաբաստիկ դիսկը» հանձնել մշակույթի նախարարին, եւ արդյոք չի պատրաստվում որեւէ կերպ սատարել Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանին:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Նիկոլայ Ծատուրյանին պատրաստվում են պաշտոնանկ անել մեր երկրի աշխարհիկ եւ հոգեւոր իշխանությունների մասին իր կարծիքն ազատորեն արտահայտելու համար: Հոկտեմբերի 14-ին Ծատուրյանը «Գալա»-ի հետ զրույցում իշխանություններին «գեղցի, բութ, ափեղ-ցփեղ» էր անվանել, հետո ասել՝ մեր նախագահը չպիտի խաղատներում խաղա, «եթե հարուստ լինենք, կարող էր 700 միլիոն էլ տարվել»: Նա անխնա քննադատել էր նաեւ կաթողիկոսին` նրան անվանելով օլիգարխ, սատանա, իսկ Կճոյանին էլ «զահրումար» էր կոչել: 20-րոպեանոց այս հարցազրույցը Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն անձամբ «դիսկով» փոխանցել էր ՀՀ մշակույթի նախարարին, նա էլ` կաթողիկոսին, վերջինս էլ հանձնել էր Սերժ Սարգսյանին: ՀՀԿ նախագահն էլ իր հերթին աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին հրահանգել էր լուծել Ծատուրյանի հարցը:
Այդուամենայնիվ, որեւէ մեկնաբանություն ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց Շիրակի մարզպետարանի լրատվության վարչության հետ: Այնտեղից մեզ փոխանցեցին, որ եթե մարզպետը ուզեր նման քայլի դիմել, «դիսկերի» օգնությանը չէր ապավինի, այլ ուղղակի տվյալ մարդկանց կառաջարկեր դիտել հարցազրույցը համապատասխան լրատվամիջոցով: Մեզ նաեւ հայտնեցին, որ Շիրակի մարզպետը ոչ մի մտահոգվելու առիթ չունի այս պատմության մեջ. վաղը՝ առավոտյան իսկ, Ցոլակյանն արձակուրդի է մեկնում. մարզպետը հանգիստն անցկացնելու է Գերմանիայում, ուստի դժվար է լինելու Ցոլակյանի հետ կապ հաստատելը:
Թեեւ Ծատուրյանն արձակուրդի չի մեկնում, բայց այս իրավիճակում Ցոլակյանից ոչ պակաս անհոգ է նաեւ նա. ինչպես տեղեկացրին «Ժողովուրդ»-ի աղբյուրները, նա երեկ թատրոն է ներկայացել հպարտ կեցվածքով` առանց անհանգստության կամ տագնապի նշույլ անգամ արտահայտելու: Ըստ մեր աղբյուրի` թատրոնի ղեկավարն աշխատակիցների հետ ներքին զրույցի ժամանակ ընդգծել է, որ եթե նորից հարցազրույց տար, ու շոշափվեին նույն թեմաները, ինքը պատրաստ կլիներ նույնությամբ կրկնել արդեն ասածը ու դեռ մի բան էլ ավելին:
Տեսնենք, թե ինչով կավարտվի 1937թ. ստալինյան «հոտ» ունեցող այս պատմությունը. արդյո՞ք ժողովրդական արտիստին կարծիք արտահայտելու համար կհեռացնեն աշխատանքից:
Համենայնդեպս, ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ալլա Սերոբյանը երեկ «Գալա»-ին ասել է, թե ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը չի հրահանգել Հայաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանին հրաժարականի դիմում գրել:

ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Լրահոս