ՆՈՒՅՆ ԿԱԴՐԸ` 15 ԱՆԳԱՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին պատկանող (փաստաթղթերով հիմնական սեփականատերը մարզպետի բարեկամն է) մարզային «Տավուշ» հեռուստաընկերությունը հոկտեմբերի 15-ի երեկոյան բազմիցս ցուցադրեց դրանից 3 օր առաջ՝ հոկտեմբերի 12-ին կայացած Տավուշի մարզխորհրդի նիստի մասին ռեպորտաժ: Իհարկե, այդ տեսանյութը ռեպորտաժ անվանելը չափազանցություն կլինի, քանի որ ընդամենը ցուցադրվեցին կադրեր, որոնց ուղեկցությամբ մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչի ԺՊ Սոֆյա Վերանյանը կարդաց նիստի վերաբերյալ այդ բաժնի հաղորդագրությունը: Մոտավորապես 4-րոպեանոց ռեպորտաժում մոտ 15 անգամ կրկնվեցին մարզպետարանի դահլիճից նույն՝ «վերուվար անող» կադրերը, մոտ 10 անգամ ցուցադրվեց տողերիս հեղինակի պատկերը նույն դիրքով: Թեեւ մարզխորհրդի՝ հոկտեմբերի 12-ի նիստի եւ դրա օրակարգի վերաբերյալ հայտարարությունը տեղադրված էր մարզպետարանի ինտերնետային կայքում, սակայն մարզի լրագրողները նիստին ներկա չէին: Շուտով Ղուլարյանն էլ զգաց փաստացի իրեն պատկանող «Տավուշ» հեռուստաընկերության բացակայությունը, երբ անդրադառնալով Տավուշի մարզի սահմանամերձ հողերի հարկի գումարի հավաքագրման ընթացքին (22 համայնքներից միայն 3-ն է կատարել այդ մուտքագրումը)՝ հանձնարարեց. «Այս նիստի ինֆորմացիան «Տավուշ» ստուդիային կհաղորդեք, թող բոլոր համայնքների անունները հրապարակվեն»:
Տավուշում որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ Ղուլարյանի ընտանիքը տարբեր ոլորտներում՝ ավտոմեքենաների գազաբաշխման ճնշման կայանում, հացի արտադրությունում, բիզնեսներ ունենալուց զատ, իր ձեռքն է վերցրել նաեւ մարզի լրատվության դաշտի վերահսկողությունը: Վերցրել է, սակայն այդ լրատվամիջոցները խիստ անարդյունավետ են կատարում մարզի բնակիչներին տեղեկատվություն հաղորդելու իրենց առաքելությունը: Մարզային «Տավուշ» թերթը, մարզպետարանի ենթակայության տակ գտնվող դպրոցներից, առողջապահական հիմնարկներից, ինչպես նաեւ իրավական առումով անկախ, սակայն փաստացի մարզպետարանի վերահսկողության տակ գտնվող համայնքապետարաններից վճարովի հայտարարություններ ստանալով եւ հրապարակելով, բիզնես գործունեություն է ծավալում: Մարզային թերթի խմբագրությունն օրենքի խախտումով, առանց վարձավճարի, գործում է Տավուշի մարզպետարանի շենքի առաջին հարկում, թերթի աշխատակիցները մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցներն են: Ստացվում է, որ մարզպետարանի աշխատողները, օգտագործելով պաշտոնական դիրքը, բիզնես են անում: Պատահական չէ, որ այդ թերթը գլխավոր խմբագիր չունի, այն ղեկավարում է խմբագրական խորհուրդը: Բազմիցս ենք նշել Տավուշի մարզպետարանում օրենքի խախտումների մասին, սակայն Տավուշի մարզն ավելի քան 14 տարի ղեկավարող Արմեն Ղուլարյանի նման գործելակերպը «վերեւները» շարունակում են հանդուրժել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս