Օրերս Երեւանի «Գոլդեն փելես» հյուրանոցում Ռուսաստանի հոկեյի ֆեդերացիայի (ՌՀՖ) նախագահ Վլադիսլավ Տրետյակը եւ Հայաստանի տափօղակով հոկեյի ֆեդերացիայի նախագահ Հայկ Ջաղացպանյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որն ուղղված է Հայաստանում հոկեյի զարգացմանը:
Վլադիսլավ Տրետյակը հուշագիրը ստորագրելուց հետո մասնավորապես նշեց, որ առաջին անգամ է Հայաստանում ու զարմացել է, որ իրեն այդքան մարդ է ճանաչում եւ այդքան ջերմ ընդունում. «Այս երկու օրվա ընթացքում հանդիպել եմ երկրի նախագահի, Երեւանի քաղաքապետի, իմ ընկեր Յուրի Վարդանյանի հետ: Ինձ ընդունել է նաեւ ամենայն հայոց կաթողիկոսը, որը ժամանակին նույնպես հետեւել է հոկեյին: Այսպիսի ջերմ ընդունելությունն անսպասելի էր ինձ համար, բայց շատ հաճելի»: Ապա լեգենդար դարպասապահը հավելեց, որ ՌՀՖ-ն պատրաստ է ամեն ինչով օգնել Հայաստանի ֆեդերացիային, իսկ ինքը Հայաստանում է ոչ միայն որպես ՌՀՖ նախագահ, այլեւ որպես Հոկեյի միջազգային ֆեդերացիայի անդամ: Այդ ֆեդերացիայի դերակատարումներից մեկը տարբեր երկրներում հոկեյի զարգացմանն աջակցելն է. «Ես գիտեմ, որ Հայաստանում հետաքրքրություն կա այս մարզաձեւի նկատմամբ: Այն պատանիները, որոնք ցանկանում են զբաղվել հոկեյով, պետք է հնարավորություն ունենան մարզվելու»:
«Ժողովուրդ»-ը ցանկացավ տեղեկանալ, թե կոնկրետ ինչ քայլեր են նախատեսված այդ հուշագրով, եւ մի քանի հարց ուղղեց Հայաստանի տափօղակով հոկեյի ֆեդերացիայի նախագահ Հայկ Ջաղացպանյանին։
Նա մասնավորապես ասաց. «Այդ հուշագրով նախատեսված է հայաստանցի մարզիչների վերապատրաստում, խաղացողներին հավաքների հրավիրում, բնական է, մրցավարների պատրաստում։ Դրանք պետք է արդեն անհատապես արձանագրվեն համապատասխան պայմանագրերով»։
Մեզ մոտ բնական հարց ծագեց. իսկ Հայաստանում հոկեյի թիմեր, խաղացողներ կա՞ն, որտե՞ղ են նրանք պարապում։ «Խաղացողներ կան, պարապում են Մարզահամերգային համալիրում, երբ սահադաշտը գործում է»,-նշեց Հ. Ջաղացպանյանը։ Նոր սահադաշտ կառուցելու վերաբերյալ էլ խոսակցություններ կան, բայց դրանք դեռեւս քննարկման փուլում են։
Մենք նաեւ տեղեկացանք, որ 2015 թվականից Հայաստանի հավաքականը նորից կընդգրկվի Հոկեյի միջազգային ֆեդերացիայի կողմից ներկայացված հավաքականների ցանկում։ Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ մեր հավաքականը որակազրկվել եւ դուրս էր մնացել այդ ցանկից։ Ամենայն հավանականությամբ, եկող տարի Հայաստանը կմասնակցի Ռուսաստանի երիտասարդների հոկեյի լիգայի մրցաշարին: Դրա համար անհրաժեշտ է համապատասխան աշխատանքներ տանել, իսկ հայտերը պետք է ներկայացվեն հուլիս-օգոստոսին։ Վերջում պարոն Ջաղացպանյանը հավելեց. «Կարեւորն այն է, որ սայլը տեղից շարժվել է»։
ՍԱՅԼԸ ՏԵՂԻՑ ՇԱՐԺՎԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ռ. ԹԱԹՈՅԱՆ