Քաղաքական պայքարի ժամանակակից մեթոդ չեն որդեգրել. ԼՂՀ պատգամավորը` երևանյան իրադարձությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.amը Երեւանում տեղի ունեցող իրադարձությունների եւ ԼՂՀ  հակամարտության կարգավորման հարցի շուրջ զրուցել է ԼՂՀ  ԱԺ  «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանի հետ:

Պարո′ն Իշխանյան,  Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները Ձեր կարծիքով ինչո՞ւ սկսվեցին:

-Բնականաբար շատ անտրամաբանական եւ անհեթեթ քայլի են դիմել եւ նրանք, այսպես ասած, որեւէ ձեւով քաղաքական պայքարի ժամանակակից մեթոդ չեն որդեգրել: Կարծում եմ, որ այս փուլում, գոնե այս հանգրվանում շատ կարեւոր է, որպեսզի հավելյալ արյունահեղություն չլինի եւ արդեն իսկ հետեւելով տեսնում եմ, թե իշխանությունների կողմից է  ցուցաբերվում համապատասխան ողջախոհություն` խուսափելու հավելյալ արյուն թափվելուց: Ուղղակիորեն պետք է խոսք ուղղեմ այդ տղաներին, որքանով հնարավոր է իրենք զերծ մնան եւ կարողանան գոնե այսքանից հետո հարմար նպատակաուղղված ելքով դուրս գալու այդ ճակատից: Իսկ այդ հիմնական նպատակը խուսափել արյունահեղությունից  եւ հավելյալ զոհերից:

-Արցախում ի՞նչ կոչեր են պտտվում. ձեր ընդդիմության ներկայացուցիչ Հայկ Խանումյանն ասաց, որ անհապաղ պետք է ազատ արձակվի Ժիրայր Սէֆիլյանը եւ մասնակցի բանակցությունների: Ո՞րն է խնդրի հանգուցալուծման Ձեր մոտեցումը

-Իշխանության հարցն է: Տարբեր ձեւի տեղեկատվություններ են հնչում իրենց ներկայացված պահանջների մասին: Բայց այնուհանդերձ կարծում եմ, որ կարծես թե իշխանությունները փորձում են երկխոսության լեզվով հարցին լուծում տալ` խուսափելով գոնե միջազգային ասպարեզում հայտնի նման կարգի իրավիճակներում ստեղծված մեթոդների որդեգրումից:

– Լուրեր են պտտվում այն մասին, որ ԼՂՀ ՊԲ գնդապետ Սամվել Կարապետյանը` Օգանովսկին ինչ որ քանակությամբ զորք է տեղափոխել Երեւան` իշխանություններին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար: Նկատենք, որ ամեն անգամ նման իրադարձությունների ժամանակ հենց այս զինվորականի նման գործողության մասին խոսվում: 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ էլ էր նույնը խոսվում:

-Ես տեղյակ եմ, որ Ղարաբաղից ոչ մի զինվոր, ոչ մի ոստիկան չի տեղափոխվել Երեւան, պաշտոնական տեղեկատվություն ունեմ: Եւ այլ ձեւով ներկայացնել, մեկնաբանել մի քիչ անհեթեթ է:

Պարո′ն Իշխանյան, Սերժ Սարգսյանը, անդրադառնալով այս խնդրին ՀՀԿ-ականներին, ասել է, որ այլընտրանք չկա  կամ պետք է տարածքներ զիջենք, կամ պատերազմ սկսվի:

-Որեւէ նման տեղեկատվություն մենք չունենք:

Այս օրերին Սերժ Սարգսյանը կրկին Արցախում էր: Տեղյակ եք ի՞նչ է խոսվել:

-Վերջերս մի քանի անգամ Սերժ Սարգսյանը այցելել է Արցախ եւ տրվել է պաշտոնական տեղեկատվություն: Բնականաբար թեման անվտանգության հիմնախնդիրներ են եւ ապրիլից հետո ստեղծված կացության եւ  դրա հետեւանքները վերացնելու հարցերը: Հիմնական խնդիրը այդ է, ես չեմ եղել որեւէ հանդիպման, որ կարողանամ ավելի  մարամասնորեն ներկայացնեմ, բայց պաշտոնական տեղեկատվությունը այդ է, եւ մենք ունենք ընդամենը այդ տեղեկատվությունը:

Արփինե Թովմասյան




Լրահոս