ՀՀ կառավարության երեկվա նիստում վաղաժամկետ դադարեցվեցին ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղաքար համայնքի ղեկավար Աշոտ Խաչատրյանի լիազորությունները: Համայնքապետարանի քարտուղար Սամվել Սարգսյանից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Խաչատրյանը սեպտեմբերի 2-ին մահացել է: Նա միաժամանակ զարմացավ, թե ինչու է կառավարությունն այսքան ուշ դադարեցրել գյուղապետի լիազորությունները: «Սեպտեմբերի 12-ին՝ ավագանու որոշումից հետո, մենք մահվան վկայականն ուղարկեցինք»,-լրացրեց Սարգսյանը: Այս ընթացքում գյուղապետին փոխարինել է ժամանակավոր պաշտոնակատար, գյուղապետի տեղակալ Ռաֆիկ Սաֆարյանը: Քարտուղարից տեղեկացանք նաեւ, որ երկու մարդ ցանկություն է հայտնել պայքարել համայնքապետի պաշտոնի համար: Նրանք են՝ Աշոտ Խաչատրյանի կինը՝ Կարինե Մարտիրոսյանը, եւ գյուղապետի ԺՊ Ռաֆիկ Սաֆարյանը: Կ. Մարտիրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ առաջադրելու է իր թեկնածությունը, քանի որ պետք է շարունակի իր ամուսնու կիսատ թողած գործերը: Ի դեպ, կառավարության որոշման՝ ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը տեղի կունենա համայնքապետի արտահերթ ընտրությունը: Այս առումով 2013թ. պետբյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2013թ. չորրորդ եռամսյակում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացվելու է գրեթե 8 միլիոն դրամ, իսկ ոստիկանությանը՝ 448.500 դրամ:
8 ՄԼՆ ԴՐԱՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ