ԱԶԵՐԻՆԵՐԻ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր ոխերիմ հարեւանների՝ պատմությունը, պատմական իրադարձություններն ու փաստերը, այլ ժողովուրդների մշակութային արժեքներն իրենց վերագրելու երեւակայությունը սահմաններ չի ճանաչում։ Բանից պարզվում է, որ նրանք արդեն ոտնձգություն են կատարում մարզական բնագավառում, իսկ մարզախաղն ինքնին նաեւ տվյալ ժողովրդի կենցաղի, ինչու չէ, մշակույթի մաս է։
Ինչպես Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է ԻԻՀ մշակութային արժեքների գրանցման գրասենյակի գործադիր տնօրեն Ֆարհադ Նազարին, հին իրանական ճոկան (Polo) մարզախաղը տարածված է եղել նաեւ Հայաստանում եւ Հնդկաստանում: Այն խմբակային մարզաձեւ է, որը խաղում են մականներով եւ գնդակով։ Այդ խաղի մասնակիցները ձիավորներ են, որոնք բաժանվում են երկու խմբի եւ խաղադաշտում հատուկ մականների օգնությամբ փորձում գնդակով գրավել հակառակորդի դարպասը։ Իսկ այդ խաղի մասին հիշեցումը պատահական չէ։ Բանն այն է, որ վերջերս ԻԻՀ ճոկանի ֆեդերացիայի նախագահ Համզե Իլխանի Զադեն տեղեկացրել էր, որ ադրբեջանցիներն իրանցի բանաստեղծ Նիզամի Գյանջավիին ադրբեջանացնելու ջանքերից հետո հիմա էլ փորձ են անում նույն կերպ վարվել հին իրանական ճոկան մարզախաղի հետ։ Եվ այդ հարցով արդեն իսկ պաշտոնապես դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին: Ֆարհադ Նազարին նաեւ նոր մանրամասներ է հաղորդել Ադրբեջանի աճպարարությունների վերաբերյալ. «Ադրբեջանը ճոկան մարզախաղն իր անվամբ գրանցելու հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացրել է «Ճոկանը՝ որպես Լեռնային Ղարաբաղի տեղական խաղ» ձեւակերպմամբ, այսինքն՝ Ադրբեջանն այնպես է ձեւակերպել հայտը, որ ճոկանը Լեռնային Ղարաբաղի տեղական խաղ է, որը հետագայում տարածվել է նաեւ այլ շրջաններում»: Սակայն հարկ է շեշտել, որ եթե «Լեռնային Ղարաբաղի տեղական խաղ է», ուրեմն հայկական է, ի՞նչ կապ ունի այդ դեպքում ազերիների հետ։ Հիշեցնենք, որ Ադրբեջանը ժամանակին ռուսական «Ուտում ենք տանը» խոհարարական սոցիալական կայքում տեղադրել էր «Բաքվի լավաշ» անունով մի բաղադրատոմս, որին ծանոթանալուց հետո պարզ էր դառնում, որ այն Ղարաբաղի այցեքարտ դարձած նույն ժինգյալով հացի բաղադրատոմսն է:
Ավելորդ չենք համարում հավելել, որ մշակութային եւ պատմական հարցերի շուրջ Իրանի եւ Ադրբեջանի հարաբերություններում վերջին տարիներին զգալի տարաձայնություններ են առաջացել, քանի որ Ադրբեջանը, բացի իրանցի բանաստեղծ Նիզամի Գյանջավիին որպես ադրբեջանցի ներկայացնելուց, սեփականացնում է նաեւ իրանական երաժշտական գործիքները: Հիմա էլ ավելանում է ճոկանը։ Եվ դրա վերջը չի երեւում. մեր հարեւանները ցանկանում են կեղծարարությամբ ստեղծել իրենց պատմությունը։

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս