ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ արդյո՞ք կարեւոր է, թե անձը եկեղեցի քանի հատ մոմ պետք է վառի, թե՞ վառած մոմերի թիվը նշանակություն չունի Աստծո տանը:

Ալինա Հայրապետյան (32 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ մոմավառությունը Հայ առաքելական եկեղեցու բարեպաշտական սովորույթներից է, որը նաեւ զոհողության տեսակ է: Երբ եկեղեցուց մոմ են գնում, նախատեսված գումարը եկեղեցու հոգսերի եւ կարիքների համար է օգտագործվում: Քանակը որեւէ նշանակություն չունի: Եվ մոմ վառելը պետք է զուգորդվի աղոթքով: Իսկ երբ որեւէ մեկն ուրիշի համար է մոմ գնում, ապա այդ դեպքում սեփական միջոցներից զոհողություն կատարելու մասին խոսք լինել չի կարող: Մոմավառությունը չպետք է դառնա ինքնանպատակ, որպեսզի մարդը չսահմանափակվի դրանով եւ համարի, որ եթե շատ մոմ է վառել, ապա ճշմարիտ քրիստոնյա է: Եկեղեցի մտնելիս ամենակարեւորն աղոթելն է, որ յուրաքանչյուր քրիստոնյա պետք է անի, քանի որ Աստծո տունն աղոթքի տուն է:

Օրհնությամբ՝ տեր Շմավոն քահանա Ղեւոնդյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Դա դեռ հարց է՝ մոմերի վաճառքից գոյացող գումարը իրականում եկեղեցու հոգսերի եւ կարիքների, թե այլ նպատակների վրա է վատնվում: Ամեն դեպքում, ցավալի է, երբ ամեն քայլափոխի տեղեկանում ենք եկեղեցական տարատեսակ ծառայությունների թանկացման, օրինակ՝ մոմի արժեքի եռակի բարձրացման, պսակադրության եւ եկեղեցական այլ արարողությունների «չգրված սակագների» բարձրացման մասին:




Լրահոս