Հայաստանում տիրող յուրաքանչյուր այսպիսի իրավիճակ Մոսկվայում տագնապ է առաջացնում. ռուս փորձագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելուց անցել է արդեն 4 օր, սակայն գնդի ներսում պատանդներ կան, իսկ խմբավորման հետ բանակցությունները երեկվա դրությամբ դեռ շարունակվում են: Պատանդի կարգավիճակում են գտնվում արդեն 4 ոստիկաններ, որոնց թվում են ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: ՊՊԾ գունդը գրաված զինյալները պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ քաղբանտարկյալների ազատությունը:

Իսկ ինչ են մտածում այս իրադարձությունների մասին Մոսկվայում: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ռուս ռազմական փորձագետ, ռազմավարական կոնյուկտուրայի կենտրոնի տնօրեն Իվան Կոնովալովի հետ:

-Պարո՛ն Կոնովալով, մի խումբ զինյալներ գրավել են ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը, որտեղ մեծ թվով ոստիկանական զենքեր կան: Ըստ Ձեզ, տեխնոլոգիապես ի՞նչ մեթոդներով է հնարավոր զորամասում իրավիճակի տեր դառնալ:

-Դատելով այն հանգամանքից, թե ինչպես են ծավալվում իրադարձությունները, այստեղ բանակցությունների միջոցով համաձայնության հասնելու հնարավորությունն առկա է: Պարզ է, որ ԱԱԾ-ն, որը կարող է գործողությունների դիմել, չի դիմում, ինչը նշանակում է, որ բանակցելու շանսեր կան: Ես հույս ունեմ, որ ամեն դեպքում կողմերը կգան որեւէ որոշման, եւ իշխանությունները այնպիսի պայմաններ կառաջարկեն, որի դեպքում խմբավորման անդամները կհամաձայնեն հանձնել զենքերը եւ ազատել պատանդներին: Եթե բանակցություններն ընթանում են, նշանակում է բանակցությունների միջոցով հարցի լուծման հասնելու հավանականություններն ամեն դեպքում առկա են:

-Առհասարակ նման դեպքերում վնասազերծման ինչպիսի՞ մեթոդներ են առկա: Հայաստանում, օրինակ, խոսք է գնում չերյոմուխայի օգտագործման, արցունքաբեր գազի կիրառման, կրակելով քնեցնելու եւ այլ տարբերակների մասին: Նման դեպքերում ինչպիսի՞ պրակտիկա կա:

-Դուք գիտեք, որ տարբեր երկրների ԱԱԾ-ները տարբեր կերպ են գործում եւ տարբեր ռազամավարություն են կիրառում: Բայց, ընդհանուր առմամբ, մեծ թվով տեխնիկական միջոցներ առկա չեն, եւ ես չեմ կարծում, որ այստեղ կարող են օգտագործվել հատուկ միջոցներ, ինչպես եղավ Նորդ-Օստի ժամանակ:

-Այսինքն՝ Դուք բացառո՞ւմ եք Նորդ-Օստի պրակտիկայի կիրառումն այստեղ:

-Իհարկե, ինձ համար դժվար է պատասխանել ՀՀ իշխանությունների փոխարեն: Ես տեսնում եմ, որ ամեն դեպքում ՀՀ իշխանությունները ցանկանում են բանակցություններով հարցը լուծել: Եթե նրանք հասկանային, որ այլ միջոց չկա, եւ բանակցություններն օգուտ չեն տալիս, ապա միանգամից կգրոհեին, որպեսզի այդ խմբի մարդկանց չթողնեին հետագա քայլեր կիրառելու: Այստեղ իրավիճակը մի փոքր այլ է, այդ մարդկանց ահաբեկիչներ չեն համարում Երեւանում, նրանց այդպիսին չեն համարում նույնիսկ իշխանությունների կողմից, եւ հասկանալի է, որ Հայաստանում քաղաքական առումով իրավիճակը մի փոքր այլ է, եւ կան մարդիկ, ովքեր ռադիկալ փոփոխությունների կողմնակից են եւ այդպիսի կոչեր են անում: Եթե իրավիճակը մի փոքր այլ լիներ, եւ այդ մարդիկ ահաբեկիչներ լինեին, ապա գրոհը չէր ուշանա: Հասկանալի է, որ ԱԱԾ-ն ունի գրաված գնդի տարածքի քարտեզը, գիտի ինչպես գործել, ինչ մոտեցումներ կան եւ ինչ հատուկ միջոցներ կիրառել: Խնդիրը հենց այդ մարդկանց հանդեպ մոտեցումն է, քանի որ նրանց ահաբեկիչներ չեն համարում: Լրիվ այլ իրավիճակ էր վերջերս Ղազախստանում, երբ միանգամից գրոհը սկսվեց, խմբին չթողեցին քայլեր անել, եւ ոչ մի բանակցություն էլ չեղավ:

-Այսօր արդեն երրորդ օրն է, ինչ այդ տարածքը գրավված է: Ամեն դեպքում, ճի՞շտ է ժամանակ ձգելն ու բանակցելը, թե՞ Ձեր խոսքի մեջ նշված Ղազախստանի փորձն ավելի էֆեկտիվ է:

-Եթե կարելի է կանխել արյունահեղությունը, ապա բանակցությունները կարող են նույնիսկ մեկ շաբաթ շարունակվել: Դատելով, որ երեք օր է, ինչ բանակցությունները շարունակվում են, նշանակում է՝ ելքեր գտնելու եզրեր կան:

-Իսկ, առհասարակ, Մոսկվան ինչպե՞ս է վերաբերում Երեւանում ստեղծված իրավիճակին:

-Հասկանալի է, որ Մոսկվան ուշադիր հետեւում է այդ գործընթացներին, քանի որ Հայաստանը մեր դաշնակիցն է, այդտեղ է գտնվում մեր ռազմաբազան եւ յուրաքանչյուր այդպիսի իրավիճակ Մոսկվայում տագնապ է առաջացնում, չնայած կարծիքներն ավելի զուսպ են: Բոլորն էլ այստեղ կարծում են, որ հնարավոր է այս հարցը լուծել խաղաղ կարգավիճակով: Վերջին օրերին տեղի ունեցած դեպքերը՝ Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձը, Ղազախստանում եւ Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները կատարվում են Ռուսաստանի սահմանների հարեւանությամբ եւ, իհարկե, այստեղ տագնապ առաջացնում են:

Այդ ամենը նույնիսկ մեկ շղթայի շարունակության է նմանվում, չնայած պատճառներն են տարբեր: Ամեն դեպքում, կարծես թե որեւէ մեկը պրովակացիայի էր ենթարկել այդ մարդկանց, եւ այդ դեպքերը տեղի ունեցան միաժամանակ: Եվ այդ ամենը կատարվում է Ռուսաստանի կողքին, մեզ մոտ Երեւանի դեպքերի հանդեպ վերաբերմունքն այլ է:

Մեզ մոտ ընդհանրապես չեն ցանկանում, որ Հայաստանի հասարակությունում բախումներ տեղի ունենան: Ես չեմ հավատում, որ սա կարող է վերածել քաղաքացիական պատերազմի, բայց նման իրադարձությունները Ռուսաստանին ընդհանրապես պետք չեն:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս