Այսօր արդեն երրորդ օրն է` ինչ «Սասնա ծռեր» խմբավորման կողմից շարունակում է գրավված մնալ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը, իսկ ներսում էլ որպես պատանդ պահվում է չորս ոստիկան, այդ թվում ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Դեպքերի սկիզբը տեղի ունեցավ 2016 թվականի հուլիսի 17-ին՝ 05:28-ի սահմաններում, երբ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներ Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, նրան որդին` Արմեն Մանուկյանը, Արեգ Կյուրեղյանը, Արայիկ Խանդոյանը` Միայնակ Գայլ, ՀՀ քաղաքացիներ Տիգրան Մանուկյանը, Հովհաննես Վարդանյանը, Աշոտ Պետրոսյանը, Արմեն Բիլյանը եւ այլք, ձեւավորելով մոտ 3 տասնյակ հոգանոց «Սասնա ծռեր» խմբավորումը, «Կռազ» մակնիշի ավտոմեքենայով գրոհել են ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդ, տիրացել ոստիկանների զենքերին :
Գունդը գրաված զինյալները պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին եւ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Իսկ իշխանությունները ՊՊԾ գունդը գրաված զինյալներին պահանջում են վայր դնել զենքը եւ առանց դիմադրության հանձնվել: ԱԱԾ-ն երեկ ևս մեկ հայտարարություն է արել` ընդգծելով, որ իրավապահ մարմիններն ամեն ինչ անում են արյունահեղությունից խուսափելու համար:
Երեկ իրավիճակը լարված է եղել Խորենացի փողոցում. դեպի ՊՊԾ գունդ տանող ճանապարհը պատնեշված է ոստիկանների կողմից: Իշխանությունների և զինված խմբի միջև ընթացող բանակցությունների մասին մանրամասներ դեռևս չեն հրապարակվում, իսկ պայքարող քաղաքացիների թիվն օրեցօր ավելանում է: