Նախագահն ընդունել է Յուրի Ֆեդոտովին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի գլխավոր տնօրեն, կազմակերպության թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովին:
Ընդգծելով, որ հանցավորության և թմրանյութերի տարածման դեմ պայքարը արդի կարևորագույն մարտահրավերներից է և հանդիսանում է Հայաստանի առաջնահերթություններից մեկը՝ Սերժ Սարգսյանն այդ ոլորտում գոհացուցիչ արդյունքների հասնելու համար կարևորել է մասնագիտացված կառույցների հետ համագործակցությունը: Նախագահն ընդգծել է նաև այդ ոլորտում միջազգային կառույցների հետ համագործակցության և Հայաստանում տարբեր միջոցառումների անցկացման կարևորությունը՝ մասնավորապես նշելով վերջերս Երևանում կայացած թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման “Կանալ-Կովկաս” լոկալ օպերատիվ կանխարգելիչ միջոցառումը:
Յուրի Ֆեդոտովը բարձր է գնահատել Հայաստանի հետևողական աշխատանքը հանցավորության և թմրանյութերի տարածման դեմ պայքարում և ներկայացրել իր գլխավորած կառույցի աշխատանքները և ընթացիկ ծրագրերը: Յուրի Ֆեդոտովը մասնավորապես նշել է, որ իր այցը կրում է ճանաչողական բնույթ և վստահություն հայտնել, որ Հայաստանի Հանրապետության հետ համագործակցությունը շարունակական կլինի:
Հայաստանի և ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի միջև համագործակցությունը արդյունավետ համարելով՝ զրուցակիցները միաժամանակ կարևորել են Հայաստանում կազմակերպության ներկայացուցչության հիմնման հնարավորությունը, որը, նրանց համոզմամբ, նշանակալիորեն կնպաստի համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանը:




Լրահոս