Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հանդիպում է ունեցել Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության պետ Աշոտ Կարապետյանի հետ և Խորենացի փողոցում մանրամասներ ներկայացրեց իրենց զրույցից: Նշենք, որ «Սասնա ծռեր» խմբավորման անդամները լրատվամիջոցների միջոցով ահազանգել էին, որ այս գիշեր իրենց վրա ցանկանում են գրոհել «Ալֆա» հատուկ ջոկատայինների միջոցով:
Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այդ լուրերի իսկությունը փորձել է ճշտել հենց Երևանի ոստիկանապետից: «Ես դրեցի այդ հարցը և նա ինձ պաշտոնապես ասաց, որ նման բան չկա և չի կարող լինել: Ես ասացի, որ սա չեմ հարցնում անձնական խոսակցության համար և մարդիկ պահանջում են ճշտել դա և նա նշեց, որ ամենապաշտոնապես հայտարարում եմ, որ նման բան չի կարող լինել», – հայտարարեց պատգամավորը:
Փաշինյանը բարձրացրել է նաև ՊՊԾ գնդի տարածքի ներսում գտնվողներին սննդով ապահովելու հարցը և առաջարկել է, որ հենց ինքը սնունդ փոխանցի այնտեղ գտնվողներին: Պատգամավորը հայտնեց, որ այս հարցի վերաբերյալ վերջնական պատասխան կլինի առավոտյան: