Ողջ հանրությունը լարված սպասում է Երևանում տիրող իրավիճակի հանգուցալուծմանը, իսկ ղեկավարությունը լռում է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանն արդեն երեք օր է՝ ապրում է արտակարգ ռեժիմում: Ողջ հանրությունը լարված, շնչակտուր հետեւում է Երեւանի Խորենացի փողոցում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի շուրջ ծավալվող իրադարձությունների զարգացման ընթացքին: Բոլորի համար ակնհայտ է, որ այդ իրադարձությունները էական ազդեցություն են ունենալու ողջ հանրապետության կյանքի վրա: Սակայն Հայաստանի ղեկավարությունը՝ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, շարունակում է լռել:

«Ժողովուրդ» օրաթերթի բոլոր փորձերը՝ ՀՀ նախագահի նստավայրից, ՀՀ կառավարությունից իրավիճակի հանգուցալուծման շուրջ պարզաբանումներ ստանալու մասով, ձախողվեցին: Երեկվա ընթացքում լսվեց միայն ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի «կիսաձայնը», երբ արձագանքեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ ստեղծված իրավիճակը խորհրդարանում ինչ-որ ֆորմատով քննարկելու առաջարկին: ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանի շուրթերով Սահակյանը փոխանցել էր, որ «Եթե Ազգային ժողովում որեւէ ֆորմատով քննարկում լինի, ապա դա կնշանակի միջամտություն քրեական գործին: Չմիջամտելը պատճառներից մեկն է, բայց, այնուամենայնիվ, չկա այն առարկան, ինչի շուրջ այս պահին քննարկելու անհրաժեշտություն կա»: Այլ կերպ ասած՝ իշխանությունները փորձում են ստեղծված իրավիճակը իբրեւ սովորական քրեաիրավական պատմություն ներկայացնել՝ անտեսելով հանրության շրջանում առկա լարվածությունը:

Մեզ մնում է արձանագրել, որ իրականում անակնկալի եկած ու փակուղային իրավիճակում հայտնված իշխանությունները լռելով ավելի են սրում իրավիճակը, ու տպավորություն է, որ Հայաստանի վերնախավը չի գիտակցում այն պատասխանատվությունը, որը հանձն է առել՝ ստանձնելով Հայաստանի ղեկավարումը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս