«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մինչ հասարակությունն սպասում է, որ Էրեբունու դեպքերը կհանգուցալուծվեն, իրավիճակը գնալով սրվում է։ Երեկ ՊՊԾ գնդի մոտ մեծ թվով մարդիկ էին հավաքվել, եւ լարվածության երկրորդ օջախ էր ձեւավորվել։ Ըստ ոստիկանության՝ Սարի թաղից փորձել էին ներխուժել գնդի տարածք, քարերով հարվածել էին ոստիկաններին, որոնց շրջանում տուժածներ կային։ Ի պաշտպանություն սարիթաղցիների, Ավետիսյանի խումբը կրակել էր օդ, ինչից էլ վիճակն ավելի էր շիկացել։
Թե որն է հանգուցալուծումը, պարզ չէ։ Մեր տեղեկություններով` Ժիրայր Սեֆիլյանի թիմը, հանգուցալուծման «երրորդ տարբերակ» ասելով, նկատի ունի արտահերթ խորհրդարանական ընտրությունները, քանզի մտածում են, որ ստեղծված հասարակական-քաղաքական վիճակում ՀՀԿ-ն չի կարողանա 5 տոկոսն անգամ հաղթահարել: «Իշխանությունները չեն գնա արտահերթի, բայցեւ չեն բացառվում կառավարության եւ ուժային ստրուկտուրաներում լուրջ փոփոխություններ՝ կրքերը հանդարտեցնելու միտումով»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: