Նախախորհրդարանի քարտուղարության հայտարարությունը.
Երևան Սիթի սուպերմարկետների տերը, անտեսելով ու արհամարհելով մեր ժողովրդին, օրենքին ու պետությանը, ապօրինի կերպով ձեռք է բերել հանրապետական նշանակության հուշարձան Ծածկած շուկան, դիտավորյալ կերպով քանդել է նրա մի մասը` կատարելով քրեական հանցագործություն, այդ տեղում ապօրինի կերպով կառուցել է սուպերմարկետ, որտեղ դարձյալ ապօրինի կերպով ծավալել է հասարակական առևտրի գործունեություն: Սեփականատերը Ծածկած շուկայի վերակառուցման և նրա տեղում սուպերմարկետ կառուցելու համար չի ունեցել շինարարության թույլտվություն ու նախագիծ և այդ շինությունը շահագործում է առանց օրենքով սահմանված ավարտական ակտի, ինչպես նաև չունի այդ շինության նկատմամբ որևէ իրավունքի մասին հավաստող պետական պաշտոնական փաստաթուղթ: Բացի այդ` նշված սուպերմարկետի շենքը շինարարական նորմերին, այդ թվում` սեյսմիկ անվտանգության պահանջների մասով, համապատասխանության ստուգման չի ենթարկվել, ուստի վտանգավոր է այնտեղ գտնվող աշխատակիցների և հաճախորդների կյանքի ու առողջության համար:
Պետական և տեղական ինքնակառավարման պատկան մարմինների մի մասը` ի դեմս մշակույթի ու քաղաքաշինության նախարարությունների և քաղաքապետարանի, իրենց գործառույթները կատարել են միայն մասամբ: Նրանք ընդամենը հաստատել են այն փաստը, որ պատմամշակութային հուշարձան Ծածկան շուկան վնասվել է և նրա տեղում կատարված շինարարությունն ապօրինի է: Սեփականատեր օլիգարխն ընդամենը ենթարկվել է վարչական տույժի, սակայն վճարելով իր համար չնչին այդ գումարը, շարունակել և ավարտին է հասցրել հանցագործությունը: Մինչդեռ իրավապահ մարմինները` ի դեմս դատախազության և ոստիկանության, որդեգրել են խեղկատակի, մեր ժողովրդին մոլորեցնողի և հանցագործին հովանավորողի ու պաշտպանողի վարքագիծ: Եվ, հանցագործությունը կանխելու փոխարեն այն հովանավորելով, իրենք նույնպես հանցագործություն են կատարում: Բացի այդ` Երևան Սիթի սուպերմարկետների տերը, օգտագործելով իր մենաշնորհային դիրքը, կեղեքում է մեր ժողովրդին, շուկայից դուրս է մղում ու սնանկացնում փոքր և միջին խանութներին: Այդ խանութների սնանկացման հետևանքով փակվում են հարյուրավոր աշխատատեղեր, իսկ դրանց տերերը կամ արտագաղթում են կամ էլ հայտնվում աղքատության ճիրաններում: Ուստի Նախախորհրդարանը բոլոր արժանապատիվ քաղաքացիներին կոչ է անում բոյկոտել մեր ժողովրդին ու պետությանը բացահայտ կերպով պատերազմ հայտարարած և մեր մշակույթը ոչնչացնող օլիգարխին պատկանող Երևան Սիթի սուպերմարկետները և գնումներ կատարել մեզ հարազատ փոքր ու միջին խանութներից: Նախախորհրդարանը կոչ է անում միանալ Ծածկած շուկան օլիգարխից ազատագրելու պայքարին և հիշեցնում, որ հուշարձանի ազատագրման և օլիգարխին համաժողովրդական ճնշման միջոցով պատժի ենթարկելու ու հնազանդեցնելու այս պայքարը ընդամենը հանուն հուշարձանի կամ մեկ օլիգարխի դեմ ուղղված պայքար չէ: Ծածկած շուկան մեր կեղեքված երկրի ու ժողովրդի, իսկ օլիգարխը` կեղեքիչ համակարգի մասերն ու խորհրդանիշներն են: Ուստի ազատագրելով հուշարձանը` մենք մասամբ ազատագրում ենք մեր երկիրն ու մեզ, իսկ պատժելով ու հնազանդեցնելով օլիգարխին` խարխլում ենք կեղեքիչ համակարգը` դրանով իսկ մոտեցնելով ընդհանուր ազատագրումը: