Երաժիշտ, կատարող ՄԱՐՏԻՆ ԱՀԱՐՈՆՅԱՆԸ 50 տարուց ավելի է՝ երաժշտական բնագավառում է, բայց մինչ օրս չունի եւ ոչ մի պետական կոչում, շքանշան: Երաժշտի խոսքով՝ պետությունն աչքաթող է արել իր արվեստագետին: Իսկ վաստակավորի կոչում շատ անգամ ստանում են մարդիկ, ովքեր որեւէ վաստակ չունեն:
-Երկրի ներքաղաքական հարցերով հետաքրքրվո՞ւմ եք:
-Կապ չունի՝ երաժիշտ ես, թե այլ մասնագետ, անխուսափելի է, բոլորս քաղաքականացվել ենք, ներգրավվել ենք այդ ամենի մեջ: Բայց քանի որ ես արվեստի մարդ եմ, տարբեր կուսակցությունների էլ չեմ հարում, փորձում եմ չեզոք դիրքում մնալ: Ո՛չ ընդդիմություն եմ, ո՛չ իշխանություն: Ես կողմնակից եմ, որ մարդկանց վիճակը բարելավվի, աշխատատեղեր լինեն, օրինական երկիր եմ ուզում, որ օրենքի առաջ բոլորը հավասար լինեն:
-Մաքսային միությանը միանալու որոշմանը կո՞ղմ եք, թե՞ դեմ:
-Դա շատ խորը հարց է, բարդ է միանգամից ասել: Հաշվի առնելով մեր աշխարհագրական դիրքը եւ մնացած խնդիրները՝ տարբեր կարծիքների ես հանգում: Բայց չպետք է մոռանանք, որ եղել են դեպքեր, երբ միայն ռուսներն են մեր թիկունքին կանգնել: Եթե այդ տեսանկյունից նայես, լավ է:
Դա արտաքին հարց է, բայց ես ներքին խնդիրներից էլ ավելի եմ նեղվում: Հավասարություն եմ ուզում, որ իշխանավորի, պաշտոնյայի ու հասարակ քաղաքացու միջեւ տարբերություն չդրվի: Դրսում ինչքան պաշտոնյան բարձր դիրք է զբաղեցնում, այնքան նրան ավելի մեծ պատիժ է հասնում: Անգամ նման դեպքի եմ ականատես եղել: Օդանավակայանում մի դեսպան կարգը խախտեց, նրան շատ ավելի վատ վերաբերվեցին, քան սովորական քաղաքացուն: Մարդ պետք է իր երկրում իրեն արժանապատիվ մարդ զգա, որ չնեղվի՝ տեսնելով, թե ինչպես է մեկի կամ մյուսի տղան ճանապարհ կտրում կամ ինչ-որ սրճարանում իրեն վատ պահում: Ստացվում է, որ մարդ հանգիստ չի ապրում, իրեն նեղում են ու հասցնում այնպիսի վիճակի, որ նա ստիպված հեռանում է երկրից: Շատ գիտեմ դեպքեր, երբ այստեղ էլ լավ են ապրել, ամեն ինչով ապահովված են եղել, բայց մեկ էլ գնացել են: Երբ հարցնում ես, թե ինչու եք գնում, հասկանում ես, որ զզվել են:
-Ձեր ընկերների մեջ շա՞տ են արտագաղթողները:
-Կան, լավ ընկերներ ունեմ, որ մինչեւ փետրվար պիտի գնան, ու ցավն այն է, որ նրանք ինտելիգենցիայի մի մասն են կազմում, զարգացած, լավ մարդիկ են: Ափսոս է, որ նման մարդիկ են հեռանում: Դրա համար էլ ամեն ինչ վատացել է: Իսկ կոմունիստների ժամանակ ովքեր լավ կրթություն ունեին, դաստիարակված էին, գնահատվում էին, օրինակ էին ծառայում:
-Դուք արտագաղթելու ցանկություն չունե՞ք:
-Չէ՛, գնում-գալիս եմ, էլի կգնամ աշխատելու, բայց մշտական բնակվելու… Դե ես սիրում եմ իմ հայրենիքը, ինչքան էլ խոսում ենք, բողոքում, նեղվում, մեկ ա՝ մերն ա: Ոչ միայն ես, գնացողներն էլ են սիրում: Ժամանակ է գալիս, երբ այդ գնացածները զգում են, որ իրենց ինչ-որ բան պակասում է, գալիս են անգամ էս օդը շնչելու: Հայրենիքն ուրիշ բան է, խոսքերով չես բացատրի: Հավատացե՛ք, մեկնելու հնարավորություններ ունեմ, բայց միայն գործնական առաջարկներով եմ գնում:
-Դուք երկու որդի ունեք, նրանց ապագան տեսնո՞ւմ եք Հայաստանում:
-Տղաներս արդեն մեծ են, ինքնուրույն: Մեկը 24, մյուսը 25 տարեկան է: Նրանց տեղը ոչինչ որոշել կամ պարտադրել չեմ կարող, կարող եմ միայն խորհուրդ տալ: Սակայն ի՞նչ անեն երիտասարդները, խոսքը միայն իմ որդիներին չի վերաբերվում, ովքեր ունեն բարձրագույն կրթություն, սակայն մեծ խնդրի առաջ են կանգնած՝ չունեն աշխատանք: Մի քանի աշխատանք կա միայն` վաճառող, վարորդ, առաքիչ, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ դրանով դու ընտանիք չես պահի: Դե հիմա ասե՛ք՝ ի՞նչ անել: Գնացողներին էլ մեղադրել չես կարող:
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 641 համար