Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հորդորել է Թուրքիայի իշխանություններին երկրում պահպանել արտակարգ դրությունը միայն անհրաժեշտ ժամանակահատվածում և հնարավորինս շուտ այն դադարեցնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, այս մասին տեղեկացնում է Reuters-ը:
Շտայնմայերը հորդորել է Թուրքիայի իշխանություններին հարգել օրենքի գերակայությունը և երկրում հեղաշրջման փորձի դեմ կիրառվող պատասխան քայլերում լինել համաչափ: Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հուլիսի 20-ին հայտարարել է երեք ամսով երկրում արտակարգ դրություն մտցնելու մասին: «Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի հետ կապված սահմանադրության 120-րդ հոդվածի համաձայն երեք ամսով արտակարգ դրություն է մտցվում, որպեսզի ավելի արդյունավետ եւ արագ քայլեր ձեռնարկվեն քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների ապահովման համար», -Թուրքիայի անվտանգության խորհրդի եւ կառավարության նիստի արդյունքներով հայտարարել է նա: