Հայաստանի խոշոր հարկատուները – 2013թ. հունվար-սեպտեմբեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ընթացիկ տարվա առաջին ինն ամսվա արդյունքներով Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում են “Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ”, “ՀայՌուսգազարդ” և “Ղ-Տելեկոմ” (ապրանքային նշանը` Վիվասել-ՄՏՍ) ընկերությունները: Հաշվետու ամիսներին “Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ”-ը մեր երկրի պետական բյուջե է վճարել 26.3 մլրդ ՀՀ դրամ, “ՀայՌուսգազարդ”-ը` 25,3 մլրդ ՀՀ դրամ, իսկ “Ղ-Տելեկոմ” ընկերությունը՝ 22,3 մլրդ ՀՀ դրամ: Հատկանշական է, որ ընթացիկ տարվա առաջին երեք եռամսյակի արդյունքներով Հայաստանի խոշոր հարկատու ընկերություններից միայն այս երեք ընկերության հարկային պարտավորություններն են գերազանցել 20 մլրդ ՀՀ դրամը:
Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հրապարակած՝ ընթացիկ ֆինանսական տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի ու տուրքերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվության համաձայն՝  Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակի առաջին հնգյակում հայտնվել են նաև “Ալեքս Գրիգ” ընկերությունը և  “Արմենիա Տելեֆոն Կոմպանի”-ն  (“Արմենտել”): Այս ընկերությունները հաշվետու ամիսներին պետական բյուջե են վճարել համապատասխանաբար 11,7 մլրդ ՀՀ դրամ և 11,5 մլրդ ՀՀ դրամ:
Հունվար-սեպտեմբեր ամիսներին իրենց հարկային պարտավորությունների կատարման արդյունքում Հայաստանի խոշոր հարկատուների առաջին տասնյակում են հայտնվել նաև “Ֆլեշ”-ը (8,5 մլրդ ՀՀ դրամ), “Հայաստանի էլեկտրական ցանցեր” ընկերությունը (8,3 մլրդ ՀՀ դրամ),  “Գեո Պրո Մայնինգ Գոլդ”-ը (6,4 մլրդ ՀՀ դրամ), “Սիփիէս Օիլ Քորփորեյշն” ընկերությունը (5,6 մլրդ ՀՀ դրամ) և “Ֆիլիպ Մորրիս Արմենիա”-ն (5,3 մլրդ ՀՀ դրամ): Ընթացիկ տարվա առաջին ինն ամսվա արդյունքներով Հայաստանի 10 խոշոր հարկատու ընկերությունները միասին պետական բյուջե են վճարել շուրջ 131,7 մլրդ ՀՀ դրամ:




Լրահոս