Հուլիսի 17-ի առավոտյան «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրավելու եւ այնտեղ գտնվող ոստիկաններին պատանդ պահելու վերաբերյալ «Ժողովուրդ»-ը զրուցել է «The Beautified Project» ռոք խմբի հիմնադիր, վոկալիստ եւ կիթառահար Անդրե Սիմոնյանի հետ: Նա շեշտեց, որ «Սասնա ծռեր»-ի անդամները ահաբեկիչներ չեն.
«Ահաբեկիչների նպատակը ժողովրդին վախ ներշնչելն է, բայց այս դեպքում ընդհանրապես նման նպատակ չկա. ընդհակառակը, խմբի անդամները նման քայլի գնացել են ժողովորդի` բարեկեցիկ կյանքով ապրելու համար: Ժողովուրդը պետք է կանգնի այս նպատակի կողքին, բայց ոչ թե զենք վերցնելով ու կռվելով, այլ առանց արյուն թափելու: Նպատակը ոչ կաշառակեր, հանդուրժող, բարեկեցիկ կյանքով ապրող իշխանություն ու ժողովուրդ ունենալն է: Հարկավոր է, որ երկու կողմերը միմյանց հետ բանակցեն, բայց փաստը մնում է փաստ, որ բանակցություններով նախորդ 25 տարվա մեջ ոչ մի հարց լուծում չի գտել: Ամեն դեպքում` պետք է հնարավորինս առաջնորդվել լոգիկայով` չտրվելով էմոցիաներին»,-եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորումը հարձակվել է ՊՊԾ գնդի վրա և պատանդ է պահում ներսում գտնվող ոստիկաներին` պահանջելով քաղբանտարկյալների ազատումն ու Սերժ Սարգսյանի հրաժարականը: Նրանց հետ բանակցություններ են տարվում:
Աննա Բաբաջանյան