ՀՀԿ-ականներն իրենց վարքով հաստատում են՝ Հայաստանում առկա վիճակի համար մեղավորը միմիայն Սերժ Սարգսյանն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն չորրորդ օրն է` «Սասնա ծռեր» խմբի կողմից գրավված է ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը, եւ բոլորի համար ակնհայտ է, որ այս միջադեպը Հայաստանի հետագա զարգացման վրա էական ազդեցություն է ունենալու: Ու այստեղ շատ կարեւոր է, թե ինչպես կդրսեւորեն իրենց քաղաքական դաշտի ներկայացուցիչները: Տվյալ դեպքում առանցքային դերակատարությունը կարող են ունենալ Հայաստանի խորհրդարանի պատգամավորները:

Իսկ ինչու հենց պատգամավորները, որովհետեւ նրանք ԱԺ պատգամավորի մանդատը ստանձնելուց հետո ոչ միայն անձեռնմխելիություն են ձեռք բերում, այլեւ ստանձնում են խիստ որոշակի պարտավորություններ:

Հիշեցնենք պատգամավորի երդումը. «Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առաջ ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»:

Նկատենք, որ բոլոր պատգամավորները՝ անկախ այն բանից, թե ինչ ճանապարհով են հայտնվել խորհրդարանում, մանդատը վերցնելով եւ անցնելով պատգամավորական գործառույթների իրականացմանը, փաստացի համաձայնում են երդման տեքստի հետ: Այսինքն՝ բոլոր 131-ն էլ փաստացի խոստացել են «անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության համար»:

Այս օրերին մենք ականատես ենք լինում, թե ազգընտիրներից քանիսն են իրենց երդմանը հավատարիմ: Մինչ օրս պատգամավորներից միայն Նիկոլ Փաշինյանն է, որը կոնկրետ քայլեր է կատարել Հայաստանի հասարակության համերաշխությունը պահպանելու ուղղությամբ: ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հանդես է եկել կոչով, որը, ի դեպ, ստորագրել է որպես անհատ պատգամավոր եւ ոչ թե իբրեւ խմբակցության ղեկավար եւ կուսակցության նախագահ:

Պատգամավորներից Խաչատուր Քոքոբելյանը, Ալեքսանդր Արզումանյանը, ՀԱԿ խմբակցության անդամներ Գագիկ Ջհանգիրյանը եւ Արամ Մանուկյանը, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը, լրագրողների հարցումներին ի պատասխան, միջադեպի վերաբերյալ իրենց կարծիքն են արտահայտել: Էդմոն Մարուքյանն իր կուսակցության անունից է հայտարարություն տարածել հեռավոր ԱՄՆ-ից, ՕԵԿ-ական պատգամավորները եւս այս ընթացքում հասցրել են դատապարտող կոչերով հանդես գալ: Երեկ ՊՊԾ գնդի օղակի մոտ ժամանեց նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը:

Անժխտելի փաստն այն է, որ Հայաստանն այս օրերին ծանր կացության մեջ է հայտնվել, եւ ստեղծված իրավիճակն իր բացասական հետքը կթողնի ինչպես հասարակական հարաբերությունների, այնպես էլ առանց այդ էլ ծանր կացության մեջ գտնվող տնտեսության վրա:

Հատկապես իշխող ՀՀԿ-ի 69 պատգամավորները եւ փաստացի իշխանական հովանավորության ներքո գործող որեւէ խմբակցությունում չընդգրկված 7 պատգամավորները ստեղծված իրավիճակի համար պատասխանատվության ամենամեծ բաժինն ունեն որպես իշխանության մի մասնիկ: Սակայն նրանք խորը ընդհատակ են անցել: Լրագրողները խոշորացույցով անգամ չեն կարողանում իշխանական պատգամավորներ գտնել. մեկը քառասունքի մեջ է, մյուսը՝ հանգստի, երրորդը՝ բիզնես գործերով եւ այլն: Նրանք իրենց պատասխանատվության չափաբաժինը չեն գիտակցում:

Մինչդեռ նրանք առավել շատ պատասխանատվություն պետք է զգան, քանի որ իրենցից յուրաքանչյուրը կաշվից դուրս է եկել՝ Սերժ Սարգսյանին իշխանության բերելու համար, եւ հիմա հայտնվել են մարդիկ, որ ամենածայրահեղ ու անթույլատրելի քայլն են իրականացրել՝ զենքով գրոհ կազմակերպելով՝ ընդդեմ իշխանության: Սակայն իշխանական պատգամավորներն իրենց բաժին պատասխանատվության ողջ բեռը թողնում են ՀՀԿ առաջնորդի՝ Սերժ Սարգսյանի վրա:

Իհարկե, մյուս կողմից պետք է արձանագրել, որ ՀՀԿ-ականներն իրենց վարքով հաստատում են՝ Հայաստանում առկա վիճակի համար մեղավորը միմիայն Սերժ Սարգսյանն է: Իրենք ընդամենը դրածոներ են, մարդիկ, որոնք սեփական կարծիք չունեն, այլեւ համարձակություն՝ ինքնուրույնության դրսեւորման: Իսկ հարյուրից ավել բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք պետք է ձեւավորեն Հայաստանի քաղաքական օրակարգը, իրականում անգործունակ են եւ ոչնչի ընդունակ չեն:
Հենց այս փաստն է ստեղծված իրավիճակի բուն պատճառը, ինչպես նաեւ՝ Հայաստանի ամենամեծ ողբերգությունը. բոլորը նայում են դեպի Բաղրամյան 26:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս