ԱՊԱԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի խումբը երեկ հայտարարություն է տարածել՝ կապված ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կրակոցների պատճառով ԵԱՀԿ հերթական դիտարկման ընդհատման հետ: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «ԵԱՀԿ թիմը՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի գլխավորությամբ, մասնակցել է շփման գծի հարավային մասում անցկացված դիտարկմանը: Շփման գծի երկու կողմերի հրամանատարների կողմից անվտանգության երաշխիքների սովորական փոխանակումից հետո երկու կողմերում գտնվող ԵԱՀԿ թիմերի անդամները կրակոցներ են լսել, երբ մոտեցել են դիտարկման կետին: Անհնար է եղել պարզել, թե որ կողմից են լսվում կրակոցները: Ելնելով անվտանգության նկատառումներից՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը ստիպված է եղել ընդհատել դիտարկումը»: Հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հավատում են, որ սա բացառիկ եւ ցավալի դեպք է, որը խափանում է այդ մարդկանց, նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի եւ նրա թիմի աշխատանքը, եւ կոչ են անում համապատասխան մարմիններին` մանրակրկիտ եւ անկողմնակալ հետաքննել այն: Այսպիսով` ի՞նչ է ստացվում: Ժամանակ առ ժամանակ դեսպան Կասպրշիկի գլխավորությամբ իրականացվող այդ դիտարկումները, փաստորեն, միանգամայն դատարկ, ավելին` ապակողմնորոշող զբաղմունք են: Ինչո՞ւ դատարկ, որովհետեւ, ինչպես նշված է հաղորդագրությունում, անգամ այս բացառիկ դեպքում, երբ դիտարկման ընթացքում կրակոցներ են հնչել, ԵԱՀԿ խումբը փոխանակ տեղում հետամուտ լիներ պարզելու, թե որ կողմից են եղել կրակոցները (ի վերջո ցանկության դեպքում դա միանգամայն հնարավոր էր), անմիջապես հեռացել է` սեփական անվտանգության նկատառումներից ելնելով: Իհարկե, յուրաքանչյուր ոք իրավունք ունի մտածելու իր անվտանգության մասին, սակայն այդ դեպքում, թերեւս, դեսպան Կասպրշիկին արժե խորհուրդ տալ առավել անվտանգ զբաղմունք գտնել: Այլապես` ի՞նչ ասել է մի ամբողջ ԵԱՀԿ կողմից գալ դիտարկումների եւ առաջին իսկ հնչած կրակոցից հետո ճողոպրել` երկու կողմերի համապատասխան մարմիններին թողնելով միջադեպի հետաքննությունը: Այս վերջինն արդեն իրապես մառազմ է: Պատկերացրե՛ք` վաղը կամ մյուս օրը Ադրբեջանի ՊՆ-ն հետաքննում է դեպքն ու հայտարարում, թե այո, կրակոցներն իրենց կողմից էին, ինչի համար իրենք անասելի ցավում են: Իրականում անհասկանալի է, թե որն է ի վերջո այդ դիտարկումների նպատակը. պարզելը, թե ինչպիսին է իրական վիճակը սահմանագոտո՞ւմ, թե՞ կանխավ մի քանի ժամով խաղաղություն ապահովելով` զեկույցներում ցանկալի տվյալներ ներկայացնելը: Դատելով երեկվա միջադեպից` կարծես թե վերջինը, ինչը նշանակում է, որ այդ դիտարկումների հիման վրա պատրաստված զեկույցներով պարզապես խեղաթյուրվում է իրականությունը: Իսկ իրականությունն այն է, որ հայ-ադրբեջանական սահմանին գրեթե ամեն ամիս զինվորներ են զոհվում` հայ եւ ադրբեջանցի զինվորներ, որոնց մահը, սակայն, ԵԱՀԿ տարբեր պաշտոնյաների համար ընդամենը զեկույցներում թվային փոփոխություններ անելու հոգս է:




Լրահոս