Արդեն որոշված է, որ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը Գերմանիայում նշանակվելու է ՀՀ դեսպան, սակայն դեռեւս հստակեցված չէ, թե երբ է լինելու այդ նշանակումը: Վ. Հովհաննիսյանն էլ չի թաքցրել, որ իրեն շուտով նշանակելու են դեսպան, ինչը չի համարում իշխանության մաս դառնալ: «Համագործակցել չի նշանակում նույնանալ իշխանությունների հետ: Եթե մենք պահանջում ենք կառավարության հրաժարականը, դա նշանակում է, որ պետության կառույցներում աշխատող դաշնակցականները, դրոշները ձեռքներն առած, պիտի դուրս գան, բարձրանան սարերը ու դառնան ֆիդայի՞»,-հայտարարել էր պատգամավորը:
Վ. Հովհաննիսյանին դեսպան նշանակելու դեպքում պետք է որոշում կայացվի, թե ով է փոխարինելու նրան Ազգային Ժողովում: Այդ մանդատին հավակնող Արամայիս Գրիգորյանն այժմ նշանակվել է Արարատի մարզպետ: Իսկ ՀՅԴ համամասնական ցուցակի հաջորդ համարը ԳՄ քարտուղար Միքայել Մանուկյանն է՝ նախորդ գումարման ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ: «Ժողովուրդ»-ը փորձեց Մ. Մանուկյանից պարզել՝ արդյոք կուսակցությունում կայացվել է որոշում այն մասին, որ ԱԺ-ում Վ. Հովհաննիսյանին փոխարինելու է հենց ինքը:
-Պարո՛ն Մանուկյան, ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանի՝ Գերմանիայում դեսպան նշանակելուց հետո, ըստ ՀՅԴ ցուցակի, ԱԺ-ում նրան Դուք պետք է փոխարինեք: Այդ հարցն արդեն որոշվա՞ծ է կուսակցությունում:
-Համամասնական ցուցակի հերթականությամբ ես եմ կարծեմ: Դրանից հետո կուսակցությունը ինչ որոշի, այդպես էլ կլինի:
-Իսկ կուսակցությունում այդ հարցի շուրջ քննարկում եղե՞լ է:
-Ո՛չ, քննարկում չի եղել, ու կարծում եմ, որ դեռեւս Վ. Հովհաննիսյանի հարցը լուծված չէ: Երբ որ կլուծվի, երբ որ կգնա, եւ այդ ամեն ինչն իրականություն կդառնա, դրանից հետո կքննարկենք: Ես էլ կուսակցական եմ, կորոշեն՝ կգնամ, չեն որոշի՝ չեմ գնա:
-Բայց Դուք ցանկություն ունե՞ք ԱԺ վերադառնալ, թե՞ ոչ:
-Ես, անկեղծ, չեմ ուզի:
-Ինչո՞ւ:
-Չգիտեմ: Ուղղակի ես եղել եմ ԱԺ չորրորդ գումարման պատգամավոր, չգիտեմ, հիմա այդպես շատ մեծ ցանկություն չունեմ:
-Ինչ-որ խնդիրնե՞ր կան կամ ինչ-որ տարաձայնություննե՞ր ունեք կուսակցության անդամների հետ, որոնց պատճառով չեք ցանկանում ԱԺ-ում Ձեր գործունեությունը շարունակել: Ո՞րն է խնդիրը:
-Չէ՛, ուղղակի ԱԺ-ն այսօր ոչինչ չի որոշում, դրա համար:
-Կուսակցությանը հայտնե՞լ եք Ձեր կարծիքը եւ ցանկությունը:
-Իմ կարծիքը, կարծում եմ, հաշվի կառնեն:
-Այսինքն՝ կուսակցությունում այդ հարցի քննարկման ժամանակ Դուք կհայտարարեք, որ չե՞ք ցանկանում գնալ ԱԺ:
-Համենայնդեպս… բայց դե եթե որոշեն, կգնամ:
-Վերջին ամիսներին ՀՅԴ-ի վարկանիշը կտրուկ անկում ապրեց, երբ հայտնի դարձավ, որ Վ. Հովհաննիսյանը որոշել է համագործակցել իշխանությունների հետ՝ դեսպանի պաշտոնում նշանակվելով: Անգամ սկսեցին տեղեկություններ շրջանառվել, թե ՀՅԴ-ն ցանկանում է կրկին կոալիցիա կազմել իշխանությունների հետ…
-Ես այդպես չեմ մտածում, որ ՀՅԴ-ի վարկանիշի հետ կապված՝ ինչ-որ խնդիր կա: Ուղղակի ես չեմ ցանկանում երկար խոսել:
-Բայց գուցե հնչած քննադատությունների պատճառո՞վ ցանկություն չունեք ԱԺ գնալ եւ աշխատել:
-Ո՛չ, ես դրանից չեմ հիասթափվել: Ես արդեն ասացի, որ ես այդպես չեմ մտածում, որ վարկանիշն ընկել է: Չէ՛, չէ՛, նման բան իրականում չկա: Այսքանը:
Իսկ ՀՅԴ անդամ Արտյուշա Շահբազյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել՝ արդյոք ՀՅԴ-ում որոշում կայացվել է, թե Վահան Հովհաննիսյանին ով է փոխարինելու ԱԺ-ում:
-Պարո՛ն Շահբազյան, ՀՅԴ-ում արդեն որոշում կա՞, թե ով է Վ. Հովհաննիսյանի փոխարեն ընդգրկվելու ԱԺ ՀՅԴ խմբակցությունում:
-Ես տեղյակ եմ, որ այդպիսի որոշում դեռեւս չկա: Երբ որ կլուծվի խնդիրը, այդ ժամանակ էլ որոշում կկայացվի:
-Իսկ գուցե այդ հարցը «ներքին» կարգով քննարկվե՞լ է ՀՅԴ-ում, նախնական որոշո՞ւմ էլ չկա:
-Չէ՛, եթե քննարկվի, որոշում էլ կկայացվի:
-Ըստ ՀՅԴ համամասնական ցուցակի՝ Վ. Հովհաննիսյանին պետք է փոխարինի Միքայել Մանուկյանը…
-Եթե չենք քննարկել հարցը, կարելի է ասել՝ սենց կամ նենց… որեւէ ենթադրություն անիմաստ է հիմա:
-Մ. Մանուկյանը մեզ հետ զրույցում նշել է, որ ինքը ցանկություն չունի կրկին ԱԺ գնալ, արդյո՞ք կուսակցությունը հաշվի է առնելու այդ իրողությունը:
-Կուսակցությունն ինչ կքննարկի, դրա հիման վրա էլ կորոշվի: Ես այլ բան չեմ կարող ասել:
ՀՅԴ-ԱԿԱՆՆ ԱԺ ԳՆԱԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ