
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցամամբ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Մոսկվան դատապարտում է Երեւանում ոստիկանության շենքի զինված գրավումը ու աջակցում Հայաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերին:
«Մենք դատապարտում ենք Երեւանում հուլիսի 17-ին ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի շենքի զինված հարձակումն ու գրավումը, ինչի հետեւանքով զոհվել է ՀՀ իրավապահ մարմինների աշխատակից, անընդունելի ենք համարում այդ քրեական դրսեւորումները, որոնք կարող են անմիջական սպառնալիք ներկայացնել հանրապետության քաղաքացիների կյանքին ու անվտանգությանը»,- ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքով` Մոսկվան աջակցում է Հայաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերին.«Հույս ունենք, որ դրանք թույլ կտան մոտ ժամանակներում հանգուցալուծել ստեղծված իրավիճակը, ազատ արձակել պատանդներին ու պատժել մեղավորներին»,- ասել է նա: