ԾԱՌԱՅՈՂ ԶԻՆՎՈՐԸ
Երեկ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը կենտրոնական ապարատի ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացրել է Սերժ Սարգսյանի հրամանագրերով ոստիկանության պետի տեղակալներ նշանակված Անուբախ Համբարյանին եւ Սամվել Հովհաննիսյանին: Համբարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Ես զինվոր եմ, որտեղ նշանակեն, ես պարտավոր եմ այնտեղ ծառայել»: Մեր հարցին, թե հեշտ է լինելու Վլադիմիր Գասպարյանի հետ աշխատելը, ասաց. «Ոչ միայն հեշտ, այլեւ հաճելի, աշխատող մարդու համար շատ հեշտ է: Ով պետական մտածելակերպ ունի, իր համար շատ հեշտ է աշխատել»: Այնուհետեւ Վլ. Գասպարյանը ներկայացրել է ոստիկանության Լոռու մարզային վարչության նորանշանակ պետ Արտակ Կարապետյանին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Վլ. Գասպարյանը պատրաստվում է Երեւան քաղաքի վարչությունում եւս կադրային փոփոխություններ կատարել:
ՉՀԱՄՈԶԵՑԻՆ
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը երեկ մերժեց ՀԱԿ խմբակցության պատգամավորների` «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագծում փոփոխությունների առաջարկը: Իսկ ընդդիմադիր պատգամավորներն առաջարկում էին օրենքից հանել հակասահմանադրական դրույթները, մասնավորապես զինված ուժերն արտակարգ դրության ժամանակ կիրառելը: «Արտակարգ դրության պայմաններում կարող են օգտագործվել, այո՛, բանակի ռեսուրսները` քաղաքացիական վերահսկողության ներքո, բայց ոչ որպես ռազմական միավոր»,-ասաց նախագծի հեղինակներից Գագիկ Ջհանգիրյանը: Նա նաեւ հավելեց, որ սովորաբար այն երկրներում, որտեղ բանակն օգտագործվել է սեփական քաղաքացիների դեմ, գերտերությունները հնարավորություն են ունեցել օտարերկրյա ռազմական միջամտություն իրականացնել: Իսկ Դավիթ Հարությունյանը նշեց, որ համամիտ է նախագծում ներկայացված մի շարք դրույթների, բայց առաջարկեց դեմ քվեարկել, քանի որ գործող օրենքը, ըստ նրա, վերաբերում է ոչ թե քաղաքացիական ընդվզումներին, այլ ռազմական հեղաշրջման փորձին, նրա խոսքով՝ ԶՈՒ-ն ընդամենը տեխնիկական եւ մարդկային ռեսուրսների ապահովման համար է: «Ես, իհարկե, չեմ էլ սպասում, որ նախագիծը դրական եզրակացություն կստանա, բայց գոնե լուրջ կասկածներ կարողացավ սերմանել այս օրինագծի վերաբերյալ: Ես հասկանում եմ, որ սա քաղաքական հարց է, ու մեծամասնությունը պատրաստ չէ անդրադառնալ դրան»,-ասաց Ջհանգիրյանը: Չի բացառվում, որ ՀԱԿ-ը, այնուամենայնիվ, այս նախագիծը դնի արտահերթ ռեժիմով քննարկման:
ԶՈՐԱԿՈՉՎԵԼ Է ԳԱՐՆԱՆԸ
Երեկ՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտավարական դաշտում, ըստ նախնական վարկածի, ինքնասպան է եղել շարքային Ռուբեն Դավթյանը: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ զինվորը Կապան քաղաքի բնակիչ էր եւ բանակ էր զորակոչվել գարնանը: Փաստի առթիվ ՀՀ քր. օր.-ի 110-րդ հոդվ. 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) քրեական գործ է հարուցվել ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում: