Եթե աթոռն իրենց համար այդքան թանկ է, թող տանեն տուն, ուտեն, հետո նոր անցնեն թոշակի. Սասուն Միքայելյան. hraparak.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Անցած տարիների ընթացքում երկրում իրավիճակը ծայրաստիճան սրվել է, ժողովուրդն արդարացի հարցեր է առաջ քաշել, որոնք լուծում չեն ստացել, ինչի հետեւանքով էլ եկանք-հասանք էս օրվան»,- hraparak.am-ի հետ զրույցում, անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբի անդամների կողմից ՊՊԾ գնդում իրականացված գործողությանը, հայտարարեց «Սասուն» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը:

– Հիմա պատային իրավիճակ է ստեղծվել, իշխանությունները պիտի հասկանան, որ պատի երկու կողմում էլ հայեր են, եւ պիտի գնան բանակցությունների: Վերջիվերջո, ով էլ զոհվի՝ ոստիկան, թե ազատամարտիկ կամ թե շարքային քաղաքացի, հայ է լինելու, եթե, Աստված չանի, որոշեն «շտուրմ» անել: Ինչ է՝ «ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ» հոգեբանությամբ հո չե՞ս կարող շարունակել երկիր կառավարել: Վերջիվերջո, այսքան տարիների ընթացքում այդ մարդիկ փորձ չարեցին լուծում տալ ժողովրդի կողմից բարձրացված հարցերին, դրա համար էլ մարդիկ գնացին նման ծայրահեղ քայլի:

– Պրն. Միքայելյան, Դուք Մարտի 1-ի միջով անցած գործիչ եք, որը նույնպես անազատության մեջ հայտնվեց, ինչպես այժմ Ժիրայր Սեֆիլյանն ու նրա համախոհները: 2008թ. մարտի 1-ին եւ այժմ իշխանությունը նո՞ւյնն է: Ի՞նչ եք կարծում, իշխանությունը կզիջի՞ «Սասնա ծռերի» անդամների պահանջներին, կգնա՞ կոմպրոմիսների, թե՞ մեզ կրկին «Մարտի 1» է սպասվում:

– Ես նորից եմ ասում՝ իրավիճակն այնքան է սրվել, որ ազգովին լուրջ մարտահրավերների առաջ ենք կանգնել, նկատի ունեմ Արցախի հարցի շուրջ առաջիկայում սպասվելիք զարգացումները: Ուստի մեր համախմբումն այս օրերին հատկապես կարեւոր է, մենք պիտի հասնենք նրան, որ իշխանությունն սկսի բանակցել տղաների հետ, եւ արյուն չթափվի: Սակայն իշխանության կողմից ես չեմ տեսնում բարի կամքի դրսեւորում: Տեսե՞լ եք այս մի քանի օրերին, որ իշխանության կողմից ինչ-որ հայտարարություն արվի կամ քայլ կատարվի: Այսօր լարված իրավիճակ է ստեղծվել, որին պետք է լուծում տրվի միմիայն խաղաղ ճանապարհով: Թշնամիներ չկան միմյանց դեմ կանգնած, բոլորն էլ հայեր են:

-Այսինքն՝ իշխանությունը, Ձեր կարծիքով, պիտի հեռանա՞, քանի որ մնալու դեպքում խորացնելու է ծառացած մարտահրավերները:

– Իշխանությունը կհեռանա, թե ոչ՝ դա ինձ չի հետաքրքրում: Իշխանությունը պիտի հասկանա, որ ստիպված պիտի իրավիճակ կարգավորի, իսկ եթե իրենց համար իրենց աթոռն այդքան թանկ է, թող մինչեւ խորին ծերություն նստեղ այդտեղ, վերջում էլ տանեն տուն ու ուտեն, հետո նոր անցնեն թոշակի: Այստեղ ուղղակի պետության, պետականության, անկախության, խաղաղության, Եռաբլուրի հարցերն են դրված: Տեսեք, թե ինչ իրավիճակ ձեւավորվեց, անզորությունից ելնելով՝ մարդիկ ինչ քայլերի են ստիպված գնում: Սա լուրջ ազդանշան է, որի նկատմամբ չպետք է անտարբեր մնա ոչ մեկը, առավել եւս՝ գործող իշխանությունը, եւ լուրջ հետեւություններ անի:




Լրահոս