ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ եւ ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկվեց «Հայաստանի եւ Եվրամիության միջեւ առանց թույլատվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի)» համաձայնագիրը: Սա նշանակում է, որ ՀՀ իշխանությունները պետք է համագործակցեն ԵՄ-ի հետ ու միասնական ընթացակարգ կիրառեն այնտեղ անօրինական կերպով գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձը կազմակերպելու հարցում:
Այլ կերպ ասած՝ ԵՄ երկրների իշխանություններն արդեն կարող են անարգել կերպով Հայաստան ուղարկել իրենց տարածքում անօրինական կերպով բնակվող հայերին: Այստեղ էլ ՀՀ իշխանությունները պարտավոր են նրանց ընդունել ու անհրաժեշտ պայմաններ ապահովել:
Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական վերջին դեգերումներից հետո, թերեւս, դժվար չէ ենթադրել, թե ԵՄ-ն ինչպիսի ջանասիրությամբ հետ կուղարկի իր տարածքում ապօրինաբար գտնվող ՀՀ քաղաքացիներին: Բանն այն է, որ մինչեւ հիմա ՀՀ-ն ռեադմիսիայի վերաբերյալ համաձայնագրեր ունի կնքած ԵՄ անդամ 13 երկրի հետ, սակայն երեկ ԱԺ ներկայացված համաձայնագիրը կնքվել է հենց ՀՀ-ի ու ԵՄ-ի միջեւ այս տարվա ապրիլին: Իսկ դա ենթադրում է, որ համաձայնագիրը տարածվելու է ԵՄ անդամ բոլոր 27 երկրներում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԵՄ անդամ շատ երկրներում արդեն կազմվել են համապատասխան ցուցակներ, որոնց համաձայն՝ սկսվելու է զանգվածային վերադարձը: Թե դա ինչ հետեւանքներ կարող է ունենալ այստեղ` ՀՀ-ում, դժվար չէ պատկերացնել: Ի վերջո, ԵՄ անդամ երկրներում եւս քիչ չեն ապօրինաբար բնակվող ՀՀ քաղաքացիները: Եվ եթե դժգոհ «կրիտիկական զանգվածը» հավաքվի, միգուցե եւ, ի հեճուկս վարչապետ Տիգրան Սարգսյանի, հեղափոխություն անի:
ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե շատ քիչ է առ այսօր ռեադմիսիայի ենթարկված ՀՀ քաղաքացիների թիվը: Իսկ թե համաձայնագրի կնքումից հետո որքան մարդու կվերադարձնեն, նա դժվարացավ ասել. «Նման վիճակագրություն չկա: Չեմ կարող ասել»: Հարցին, թե արդյոք հնարավոր է՝ ԵՄ-ն ՀՀ-ին սպառնա ապօրինի ներգաղթյալների ռեադմիսիայով, նա նշեց. «Ո՛չ, որովհետեւ եվրոպացիներն այլ արժեքներով են առաջնորդվում»: Ի դեպ, հիշեցնենք, որ ապօրինի ներգաղթյալներին արտաքսելու սպառնալիքն իր հերթին կիրառել էր նաեւ ՌԴ-ն Հայաստանին Մաքսային միություն «հրավիրելիս»:
Այս համաձայնագրի քննարկումներն ԱԺ մշտական հանձնաժողովում երեկ ուշագրավ ընթացք ստացան. ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կատակեց, թե համաձայնագիրն «Արի՛ տուն» ծրագրի երկրորդ մասն է: Քանի որ համաձայնագրով նախատեսվում է ռեադմիսիայի ենթարկված քաղաքացիների նկատմամբ նորմալ պայմանների ապահովում, ինչը ենթադրում է որոշակի ընթացակարգեր, ՀՀԿ-ական Համլետ Հարությունյանը զայրացած պնդում էր, թե ինչու պետք է ԱԺ-ում քննարկեն, թե ինչ պայմաններ ապահովեն ԵՄ-ից արտաքսվող քաղաքացիներին: «Ես կարծում եմ, որ կոշտ միջոցներ պետք է ձեռնարկվեն էդ միգրանտ կոչեցյալներին, որոնցից մեծ մասը, իմ խորին համոզմամբ, իրենց երեխաներին հայոց բանակից փախցնելու համար է գնացել, եւ նրանց համար քննարկում ենք… նենց անենք, որ դրանց հետ սենց չվարվեն, Բրյուսելին պտի էս ասենք, Փարիզին` էն, ես կարծում եմ, որ օրենքը լավ է այն տեսակետից, որ մենք գրկաբաց կընդունենք մեր հայրենակիցներին»,-ասաց նա` հավելելով, թե ՀՀ ազգային անվտանգությունից չի բխում պայմաններ ստեղծելը, որ Եվրոպայում գտնվող անօրինական միգրանտներն իրենց շատ լավ զգան:
Իսկ ահա մեկ այլ ՀՀԿ-ական` Սամվել Ֆարմանյանն էլ ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ համաձայնագրում կա «Եվրոպայի եւ Հայաստանի նավահանգիստներ» եզրը: Միգրացիոն ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը, որը ներկայացնում էր համաձայնագրի նախագիծը, ասաց. «Դե դրա մեջ ոչ մի վատ բան չկա: Նավահանգիստ չկա, կլինի»: «Շատ ճիշտ մոտեցում է՝ ծովից ծով»,-կատակեց Արմեն Ռուստամյանը` ուրախանալով լսել ՀՅԴ-ի հայտնի մոտեցումները ոչ ՀՅԴ-ականների բերանից:
ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԵՐԻՆ ԿԱՐՏԱՔՍԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ