Երեկ «Ժողովուրդ»-ն անդրադարձել էր, թե ինչ իրավիճակ է տիրում քրեակատարողական հիմնարկներում, եւ ինչպես են բանտարկյալների հարազատները սննդամթերք տանում կալանավայր, որպեսզի բանտարկյալները սովամահ չլինեն: Նկարագրել էինք անմարդկային հերթերն ու բանտային առօրյան: Այս հրապարակմամբ կփորձենք համադրել պաշտոնական թվերը՝ հասկանալու համար, թե ինչպես են ծախսվում բանտարկյալների սննդի համար հատկացված գումարները:
Նախ փորձեցինք պարզել, թե ինչքան գումար է հատկացնում ՀՀ արդարադատության նախարարությունը (ԱՆ) կալանավորներին պահելու համար: Մեր հարցմանն ի պատասխան՝ ԱՆ-ից գրավոր հայտնեցին, որ 2012թ. պետական բյուջեով ՔԿՀ-ներում պահվող անձանց` դատապարտյալների սննդի համար նախատեսվել է 1 մլրդ 3 մլն 920.500 ՀՀ դրամ, իսկ կենցաղային իրերի համար տրամադրվել է 127 մլն 436.200 ՀՀ դրամ: Այսինքն՝ ընդհանուր հաշվով կալանավորներին նորմալ պահելու համար ՀՀ պետբյուջեից տարեկան մոտ 1 մլրդ 131 մլն 356.700 դրամ գումար է հատկացվում:
Մինչ կպարզենք, թե ինչպես են ծախսվում այդ գումարները, փորձենք ԱՆ-ի տրամադրած թիվը համեմատել ՔԿՀ-ների վարչության տրամադրած թվի հետ: ՔԿՀՎ մամլո խոսնակ Գոռ Ղլեչյանը, ի պատասխան «Ժողովուրդ»-ի հարցման, թե կալանավորների սննդի վրա որքան գումար է ծախսվում, ներկայացրեց մի փաստաթուղթ, ըստ որի՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը 2012թ. պետբյուջեի նախագծով դատապարտյալների սննդի համար նախատեսել է 997 մլն դրամ: Այստեղ արդեն լրջագույն հարց է առաջանում. ինչո՞ւ են երկու պետական ատյանների տրամադրած թվերը հակասում միմյանց: Եթե ԱՆ ներկայացրած թվից՝ 1 մլրդ 3 մլն 920. 500 ՀՀ դրամից հանենք ՔԿՀ-ների վարչության կողմից տրամադրված 997 մլն դրամը, ստացվում է, որ տարեկան շուրջ 6 մլն 920.500 դրամը նախարարությունից ՔԿՀ «ճանապարհին» պարզապես անհետացել է:
ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԸ
ԱՆ ՔԿՀՎ մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանի պարզաբանմամբ՝ մեկ դատապարտյալին սնունդով ապահովելու համար օրական մոտ 501 դրամի հատկացման հաշվարկ է արված: Այսինքն՝ բանտարկյալը պետք է սնվի 501 դրամի շրջանակներում: Իսկ թե ինչ կարող են գնել այդ գումարով՝ մեկ մարդուն օրը երեք անգամ կերակրելու համար, թերեւս դժվար չէ ենթադրել: Հավանաբար մեկ հաց, մեկ կտոր պանիր, ինչ-որ տեսակի փլավ եւ վերջ: Միսը, թերեւս, դատապարտյալի համար շքեղություն է: Ահա թե ինչու են մարդիկ իրենց բանտարկյալ հարազատներին սնունդ հասցնում: Հիշեցնենք, որ 2012թ. «Պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը օրինակ բերեց Միացյալ Նահանգները, որտեղ ամեն բանտարկյալի վրա պետությունն ամսական մոտ 4000 դոլար է ծախսում:
Ըստ մեզ փոխանցված պաշտոնական տվյալների՝ 2013թ. հոկտեմբերի 15-ի դրությամբ Հայաստանում կա 4085 դատապարտյալ: Իսկ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանն այս տարվա օգոստոսի 7-ին՝ դատախազության կոլեգիայի նիստի ընթացքում, հայտարարեց, որ հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ-ում կա 4780 դատապարտյալ, որը 92-ով ավելի է, քան 2012-ին: Ասել է թե՝ 2012-ին միջին հաշվով ՔԿՀ-ներում եղել է 4700 մարդ: Իսկ առավել կոնկրետ մեզ պարզել չհաջողվեց, քանի որ ՔԿՀՎ-ից ասացին, որ այդպիսի հստակ թիվ չունեն:
Ինչպես վերը նշեցինք, ՔԿՀ մամլո քարտուղարի տեղեկացմամբ՝ 1 բանտարկյալի սննդի համար օրական ծախսվում է 501 դրամ: Եթե 4700 մարդու օրական 501 դրամի սնունդ են գնել կալանավայրում, նշանակում է՝ տարեկան բանտարկյալների վրա ծախսվել է 859 մլն 465.500 դրամ գումար: Բայց մենք արդեն գիտենք, որ 2012-ին ՀՀ ԱՆ-ն միայն բանտարկյալների սննդի համար ՔԿՀ-ներին տրամադրել է 1 մլրդ 3 մլն 920.500 դրամ: Ստացվում է, որ պետբյուջեից ստացված գումարից 144 մլն 455.000 դրամը, որը «դուրս է գրվել բանտարկյալների սննդամթերքի «անվան տակ», գրպանվել է (՞):
Բայց փորձենք նույն հաշվարկն իրականացնել նաեւ ՔԿՀՎ-ի տրամադրած տվյալներով, որն էականորեն տարբերվում է ՀՀ ԱՆ-ի թվերից: Ըստ ՔԿՀ մամլո խոսնակի տրամադրած պաշտոնական տվյալների՝ 2012-ին իրենց հատկացվել է 997 մլն դրամ: Բայց մեր արած պարզ թվաբանությունը ցույց տվեց, որ 2012-ին դատապարտյալների սննդի վրա ծախսվել է 859 մլն 465.500 դրամ: Որտե՞ղ է անհետացել 140 մլն 534.500 դրամը: Ստացվում է, որ անգամ ամենահամեստ հաշվարկով՝ տարեկան 140 մլն դրամ պարզապես անհետանում է ՔԿՀ-ներում:
ԿԱՐԹՈՒՄ Է
Ինչպես ՀՀ կառավարության հայտնի նիստի ժամանակ հրապարակավ խոստացավ Սերժ Սարգսյանը, պետք է սկսել պետբյուջեն թալանող «խոշոր ձկներից»: Կարծում ենք՝ միայն պաշտոնական թվերի այս համեմատությունից առաջացած «ճեղքվածքը» բավարար է, որպեսզի որպես «խոշոր ձուկ»՝ քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Հայկ Հարությունյանը հայտնվի «կարթում»: Իհարկե, այս խայտառակ անհետացումների մեջ չի կարող իր պատասխանատվության չափաբաժինը չունենալ նաեւ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Սպասում ենք Հատուկ քննչական ծառայության արձագանքին:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ