Արդեն որերորդ անգամ «Ժողովուրդ»-ի խմբագրություն են դիմում քաղաքացիներ, որոնք ինչ-ինչ համագործակցության մեջ են եղել «Նորվիկ» ունիվերսալ վարկային կազմակերպության հետ, բայց արդյունքում բողոքների մի մեծ փնջով ստիպված են եղել օգնություն որոնել: Մեզ դիմած հերթական քաղաքացին Տիգրան Հովհաննիսյանն է:
«Բարեկամս գրավի գումարն ինչ-որ պատճառով 2 ամիս ուշացրել էր: «Նորվիկ»-ից եկան ու առանց դատական համապատասխան փաստաթղթերի վերցրին լվացքի մեքենան ու տարան»,-ներկայացրեց Տ. Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ պայմանագրով ոչ մի կետ չկա, որը փաստի, որ «Նորվիկ»-ի աշխատակիցներն իրավունք ունեն առանց քաղաքացու համաձայնության իրեր տանել բնակարաններից, այն դեպքում, երբ տվյալ քաղաքացին ոչ մի օրինազանցություն չի արել, ընդամենը ուշացրել է գրավի վճարման ժամկետը: Բացի այդ՝ միայն դատական համապատասխան ակտով կարելի է քաղաքացու սեփականությունն առգրավել:
Հովհաննիսյանի խոսքով` «Նորվիկ» կազմակերպության նկուղային մի հարկաբաժնում կենցաղային տարբեր իրերի հսկայական հավաքածու կա. «Այն կուտակվել է օրենքից չհասկացող խեղճուկրակ մարդկանց տներից առանց համապատասխան փաստաթղթերի «խլված» իրերով»:
«Ժողովուրդ»-ը զանգահարեց «Նորվիկ» ունիվերսալ վարկային կազմակերպություն՝ պարզելու, թե ինչու են ոստիկանական ու դատական գործառույթներ իրականացնում: Հեռախոսազանգին պատասխանողը, երբ լսեց, որ իր հետ լրագրող է խոսում, անմիջապես անջատեց հեռախոսը, եւ ողջ աշխատանքային օրվա ընթացքում մեր զանգերին այդպես էլ չպատասխանեցին:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Գայանե Աբրահամյան անունով մի քաղաքացի էր դիմել մեզ. նրա հավաստմամբ՝ «Նորվիկ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը խաբեությամբ խլել է վարկի դիմաց որպես գրավ դրված իր տունը: Դատարաններում տիկինը կարողացել է ապացուցել, որ խարդախության զոհ է եղել, բայց, այդուհանդերձ, տունը վերադարձնել չի հաջողվել:
Հետաքրքիր է, դեռ ինչքա՞ն պետք է նրանք ունեզրկեն քաղաքացիներին:
«ՆՈՐՎԻԿ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՈՂՈՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ