«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանից պարզել, թե նախարարն ինչպես է մեկնաբանում Խորենացու փողոցում տեղի ունեցող զարգացումները, ինչպես է տեսնում դրանց հանգուցալուծումը. ի վերջո, կիզակետում նաեւ ազատամարտիկներ են:
Ի պատասխան մեր հարցմանը՝ Հովհաննիսյանն ահա թե ինչ ասաց. «Ձեզ ինչ էլ ասենք, շուռ եք տալու այնպես, որ բանակին վարկաբեկեք»: Իհարկե, հասկանալի է, որ Սեյրան Օհանյանն ասելիք չունի, եւ այս ագրեսիան ու «մուննաթով» պատասխանը ադեկվատ մարդուն բնորոշ չէ:
Հետաքրքիր է` ինչու է Արծրուն Հովհաննիսյանն իր անմիջական ղեկավարի` նախարարի անձը բանակի հետ նույնականացնում: Նախարարը մարդ է, որը ղեկավարում է բանակը, թե ինչպես, թող մեր ընթերցողները դատեն: Բայց նախարարի, նրա թիկնազորի, մերձավորների կոռուպցիոն գործունեության մասին հրապարակումները դեռ չի նշանակում բանակի վարկաբեկում: Ընդհակառակը, մենք մեր հրապարակումներով փորձում ենք բանակի երակներից հեռացնել զինվորների արյունով սնվող տիզերին: Բավական է, կա՛նգ առեք»:
Առավել մանրամասը՝ թերթի այսօրվա համարում