Ըստ գյուղատնտեսների՝ սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 10-ը Տավուշի մարզում աշնանացանի ամենաարդյունավետ ժամանակաշրջանն է: Այս ընթացքում ցանված ցորենը հասցնում է մինչեւ ցրտերը սկսվելը բավական աճել ու ձմեռվա ցրտից չի տուժում: Հոկտեմբերի 12-ին կայացած Տավուշի մարզխորհրդի նիստի օրակարգի հարցերից մեկը գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին էր վերաբերում: Ներկայացվեցին տվյալներ մարզում մթերված խաղողի քանակի, դրա գնի վերաբերյալ: Զեկուցողը՝ Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վաղինակ Սուքոյանը, սակայն, ոչ մի խոսք չասաց մարզում ցանված աշնանացան ցորենի մասին: Մարզպետ Արմեն Ղուլարյանը, որը միշտ ուշադիր է հարցերի քննարկման ժամանակ, այդ մասին հարց չտվեց: Եվ դա պատահական չէր: Մարզում ամեն տարի քիչ տարածքներում է աշնանացան արվում, սակայն կառավարություն եւ ազգային վիճակագրական ծառայություն են ներկայացվում զեկույցներ Տավուշում ավելի քան 5 հազար հեկտար աշնանացանի առկայության մասին: Վ. Սուքոյանն ասաց, որ աշնանացան կատարելու համար կառավարությունը մատչելի գնով մարզին հատկացրել է 235 հազար լիտր դիզվառելիք, դրա մոտ կեսն արդեն մարզ է ներկրվել: Մարզպետը հայտարարեց, որ այս տարի հեկտարից ցորենի միջին բերքատվությունը եղել է բարձր՝ 32 ցենտներ: Նշենք, որ «Ժողովուրդ»-ը համայնքապետարաններից բողոքներ է ստացել այն մասին, որ մարզպետարանը հացահատիկի միջին բերքատվության վերաբերյալ իրենցից կեղծ, ավելի բարձր ցուցանիշներ է պահանջել:
Այդուհանդերձ, մարզպետն ընդունեց, որ աշնանացանի վիճակը տարիներ շարունակ բարվոք չէ. «Դեռեւս կան համայնքներ, որոնք չունեն որեւէ մի հեկտար վարած հող, չունեն դիզելային վառելիքի պահանջարկ: Ես դա անընդունելի եմ համարում: Պետք է սկսել, շարժել, խնդիրն առաջ տանել: Որովհետեւ եթե չունեցանք վարած հողատարածք, գյուղացին պրոբլեմ է ունենում: Էսօր մենք թիկունք ենք կանգնում, արտոնյալ դիզվառելիք ենք տալիս, արտոնյալ սերմացու ենք տալիս: Անշուշտ, այսօր տարբերությունը շատ մեծ է, անցյալ տարվա համեմատ պահանջարկը մեծացել է, արդեն 350 տոննա է, եթե հաշվենք այլ ծրագրերով տրամադրված սերմացուն, անգամ 400 տոննայի է հասել»:
Հոկտեմբերի 18-ին զանգահարեցինք Վ. Սուքոյանին եւ հարցրինք, թե ներկա դրությամբ մարզում որքան աշնանացան է արվել: Նրա ներկայացրած տվյալները խիստ մոտավոր էին՝ 2000-2500 հա: Մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետին հարցրինք, թե անցյալ տարի մարզում որքան աշնանացան ցորեն է ցանվել: Վ. Սուքոյանն ասաց, որ անցյալ տարի մարզում եղել է 6160 հեկտար աշնանացան, իսկ այս տարի կլինի մոտ 6500 հեկտար:
Աշունն արդեն կիսվեց, շուտով կսկսվեն անձրեւները, աշնանացանի հեկտարները ե՞րբ են եռապատկվելու: Եվ, ի վերջո, որտե՞ղ է սպառվում աշնանացանի համար կառավարության հատկացրած էժան դիզվառելիքը, երբ մարզում փաստացի քիչ աշնանացան է կատարվում:
Տավուշ