«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդին» հայտնի դարձավ, որ նախօրեին Կոտայքի մարզի Գառնի համայնքում վիճաբանություն է տեղի ունեցել, որի արդյունքում տուժել է նաեւ գյուղապետը՝ Աշոտ Վարդանյանը: Մեր տեղեկություններով՝ վիճաբանության ընթացքում նաեւ կրակոցներ են հնչել, ու հենց հրազենից ստացված վիրավորումների արդյունքում է համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանը տեղափոխվել հիվանդանոց:
Գառնիում շրջանառվող լուրերի համաձայն՝ վիճաբանության կիզակետում եղել են գյուղապետ Աշոտ Վարդանյանը եւ նրա քրոջ որդին՝ Արտակը, որը համայնքում հայտնի է Չոռնի մականունով: Իսկ վեճի առիթը եղել է Գառնիում գործող բենզալցակայանում գյուղապետի ունեցած մասնաբաժնի հարցը: Վիճաբանության պատճառների եւ բնույթի մասին «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ գյուղապետ Աշոտ Վարդանյանն ասաց. «Ես չգիտեմ՝ ինչ է եղել, ոստիկանությունից ճշտեք, իմ անունի հետ չի կարող կապվել, ես լավ չեմ, էլ չեմ կարող խոսել»:
Ի դեպ, վերջինս չնայած մարմնական վնասվածքներով բժշկի է դիմել, բայց հրաժարվել է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել»:
Առավել մանրամասը՝ թերթի այսօրվա համարում