«ԴԱ ՆԱԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 20-ին կայանալու է Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) արտահերթ համագումարը, որի ընթացքում ընտրվելու է միության նախագահ։ Իսկ թեկնածուները երեքն են՝ ՀԳՄ քարտուղար Էդուարդ Միլիտոնյանը, Հայաստանի ազգային գրադարանի նախկին տնօրեն Դավիթ Սարգսյանը եւ ՀՀ մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանը։ ԼՂՀ գրողների միության անդամներից քառասունը նաեւ Հայաստանի գրողների միության անդամ են եւ նույնպես պիտի մասնակցեն քվեարկությանը: «Ժողովուրդ»-ը ՀԳՄ նախագահի թեկնածուների, միության անելիքների շուրջ հարցերով դիմեց ԼՂՀ գրողների միության նախագահ, ՀԳՄ նախագահության անդամ Վարդան Հակոբյանին։
«Կարծում եմ՝ երեքն էլ արժանի թեկնածուներ են, յուրաքանչյուրը ներկայացրել է իր ծրագիրը, բավականին հետաքրքիր ծրագրեր են… Բոլոր դեպքերում, անկախ նրանից, թե ով կլինի ընտրությամբ անցնողը, կարծում եմ, որ այդ ծրագրերի լավ կողմերը կվերցնի եւ կառաջնորդվի դրանցով»,-ասաց Վ. Հակոբյանը։ Արցախի գրողների միությունում կազմակերպվել են քննարկումներ, եւ յուրաքանչյուրն իր խղճի կամոք պետք է իր ձայնը տա։ Ըստ ՀԳՄ նախագահության որոշման՝ Արցախի եւ սփյուռքի գրողները կարող են համացանցով ուղարկել իրենց քվեարկությունը, կարող են նաեւ ներկայացուցիչներ ուղարկել, ովքեր կհրապարակեն արդյունքները։
Պարոն Հակոբյանի՝ որպես Արցախում ապրողի եւ ստեղծագործողի, գրողների միության աշխատանքները ղեկավարող մարդու համար հաճելի է այն հանգամանքը, որ այսօր մամուլը, հասարակությունը բավական բուռն հետաքրքրությամբ հետեւում են գրողների միության նախագահի ընտրության հարցին. «Դա նաեւ գրականության հանդեպ վերաբերմունքի արտահայտություն է, եւ կարծում եմ՝ պիտի նորմալ ընտրություններ անցնեն»։
Մեր զրուցակիցը գրողների միությունը դիտում է նախ որպես ստեղծագործական կազմակերպություն, որտեղ պետք է կենտրոնացած լինի ազգի հոգեւոր, մշակույթի սերուցքը, եւ այն հարցերը պետք է լինեն գլխավոր, առաջնահերթ, որոնք այսօր հուզում են մեր ժողովրդին: «Մենք պետք է կարողանանք մեր ազգային նկարագիրը, դարերից եկող մեր մշակույթը, այն ամենը, ինչով մեր ժողովուրդն առանձնանում է բոլոր ժողովուրդների մեջ, գրականության, գրական կերպարի միջոցով ներկայացնել աշխարհին։ Ղարաբաղում մի քիչ ավելի դժվար է. միջազգային դրամաշնորհներ չենք ստանում, ֆորումների, սիմպոզիումների, փառատոների չենք հրավիրվում որպես Արցախի գրողներ եւ փորձում ենք Հայաստանի միջոցով ներկայանալ աշխարհին։ Իսկ Արցախի պետականության ճանաչման գործում մշակույթը, արվեստը, առանձնապես գրականությունը մեծ դեր ունեն»,-համոզմունք հայտնեց պարոն Հակոբյանը։

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս