ԳԼԽԻՑ ԲՌՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի երեկվա  կարգադրությամբ ստեղծվել է Սեւանա լճում իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հարցերով խորհուրդ, որը մեկամսյա ժամկետում պետք է ամփոփի Սեւանա լճի էնդեմիկ ձկնատեսակների (գեղարքունի եւ ամառային իշխան) պոպուլյացիաների վերականգնման փորձնական ծրագրի արդյունքները, մշակի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնի Սեւանա լճում իշխանի վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի նախագիծը: Իհարկե, շատ լավ է, որ Սեւանա լճի հիմնախնդիրները ՀՀ նախագահի անմիջական ուշադրության կենտրոնում են, եւ նա պարբերաբար խորհրդակցություններ է անցկացնում Սեւանի ձկնատեսակների, ջրի մակարդակի եւ էկոհամակարգի հետ կապված հարցերի շուրջ: Սակայն այդ դեպքում հարց է առաջանում` իսկ ինչո՞վ են զբաղված  բնապահպանության նախարարությունը եւ ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովը: Իհարկե, հասկանալի է, որ Հայաստանը փոքր երկիր է, իսկ Սեւանա լիճն էլ` ռազմավարական նշանակության խնդիր, սակայն մի՞թե երկրի նախագահը պետք է զբաղվի լճի ձկնապաշարների հարցերով: Ավելին, երեկվա կարգադրության մեջ նշված է, որ ստեղծվելիք խորհուրդը պետք է մեկ ամսում ներկայացնի ձկնապաշարների վերականգնման նախագիծ, ասել է թե` այդ կարգադրությամբ պաշտոնապես հայտարարվում է, որ մինչ այդ բնապահպանության նախարարության  կողմից իրականացված լճի ձկնապաշարների վերականգնման  ծրագրերն  անարդյունավետ են եղել: Եվ այս դեպքում դարձյալ հարց է առաջանում. ինչո՞ւ Սերժ Սարգսյանը  պաշտոնանկ չի անում այդ ծրագրերը (եւ ոչ միայն) ձախողած բնապահպանության նախարարին, որը, ի դեպ, ամեն անգամ մի քանի մանրաձուկ բաց թողնելով լիճ, սիրում էր դրանից մեծ փիառ անել: Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը շարունակում այդքան համառորեն  պահել մի նախարարի, որը մատը մատին չի խփում արդեն իսպառ ձկնազերծված լճի վերջնական կողոպտման դեմ պայքարելու համար: Կարծում ենք՝ Սերժ Սարգսյանը մամուլ կարդում է, եւ եթե անգամ նրա ենթակաները չեն զեկուցում համատարած ձկնագողության մասին, ապա գոնե մամուլից նա պիտի որ տեղեկացված լինի սիգի ապօրինի անարգել վաճառքի առնվազն մի քանի տասնյակ հրապարակման: Եվ եթե այդ ամենից հետո նա  խնդրի լուծումը տեսնում է տարբեր անիմաստ «խորհուրդների» ստեղծման մեջ, նշանակում է, որ անգամ Սեւանի հարցում չկա իրապես մտահոգ վերաբերմունք, եւ հերթական անգամ փորձ է արվում դատարկ նախաձեռնություններով քարոզչական խնդիր լուծել: Մինչդեռ բոլորի համար էլ ակնհայտ է. Սեւանա լճի ձկնապաշարների վերականգնումը կարող է լուծվել միմիայն մի դեպքում. եթե նույն Սերժ Սարգսյանի բնորոշմամբ` «մեծ ձկների»` որսագողությունը հովանավորող կոռումպացված չինովնիկների «գլխից բռնեն», որպեսզի լիճ բաց թողնվող մանրաձկները կարողանան մեծանալ եւ սերունդ տալ` այդպիսով վերականգնելով լճի պաշարները:




Լրահոս