Շոգ եղանակին ակտիվանում են վարակիչ հիվանդությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 

Աղիքային վարակիչ հիվանդությունները տարածվում են ջրի, սննդի, ինչպես նաև կենցաղային շփումներիմիջոցով: Դրանց հարուցիչները տարածված են շրջակա միջավայրում, սակայն աճման և բազմացման համար պահանջվում են որոշակի պայմաններ: Մանրէների մեծամասնության բազմացման համարհատկապես կարևոր է ջերմաստիճանը՝ 18-20 Cº-ից բարձր:

Այս է պատճառը, որ աղիքային վարակներին բնորոշ է սեզոնայնությունը: Հիվանդության դեպքերը, ինչպես նաև բռնկումներն ավելի հաճախ արձանագրվում են տարվա տաք շրջանում՝ հիմնականում գարնանը և ամռանը, երբ առկա են նպաստավոր պայմաններ:Այսպես՝ սննդամթերքը բարենպաստ պայմաններում մանրէների աճման և բազմացման համար դառնում է սննդային միջավայր:

Ամռանը լավ չլվացված մրգերը և բանջարեղենը, համապատասխան պայմաններում չպահված սննդամթերքը, ոչ ճիշտ պատրաստված ուտեստներն ավելի հաճախ են դառնում աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացման և տարածման պատճառ:

Աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ են հետևյալ ախտանշանները. լուծ, թուլություն, սրտխառնոց, փսխում, որոնք կարող են ուղեկցվել նաև ջերմության բարձրացմամբ:

Նշված ախտանշանների դեպքում պետք է անմիջապես դիմել բժշկական օգնության. ինքնաբուժումը, հակաբիոտիկների անհարկի օգտագործումը կարող են հանգեցնել հիվանդության քրոնիկական ընթացքի, ինչպես նաև դեղակայուն ձևերի առաջացման:

Աղիքային վարակներից խուսափելու համար անհրաժեշտ է.

– մրգերը, բանջարեղենը, հատապտուղները, կանաչեղենն օգտագործել միայն հոսող մաքուր ջրով լվանալուց հետո,

– սննդամթերքը և պատրաստի սնունդը պահպանել պատշաճ ջերմաստիճանային պայմաններում` սառնարանում,

– գնումներ կատարելիս ընտրել թարմ` ոչ փչացած և ոչ ժամկետանց սննդամթերք,

– չգնել փողոցներում, բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող, սննդամթերք,

– սնունդը պատրաստելիս այն լավ եփել կամ տապակել՝ դրանք պահելով փակ տարաներում և սառնարանում,

– արագ փչացող սննդամթերքը պահպանել միայն սառնարանային պայմաններում, առանձնացնել հում սննդամթերքը եփածից,

– խստորեն հետևել անձնական հիգիենայի կանոններին. ձեռքերը լվանալ հաճախակի, յուրաքանչյուր անգամ սնունդ պատրաստելիս և ուտելուց առաջ, տրանսպորտից, սանհանգույցից օգտվելուց հետո,

– չօգտագործել կասկածելի ջուր, եթե ձեր բնակության վայրում գրանցվել են խմելու ջրի մատակարարման անջատումներ, ապա ջուրն օգտագործել միայն եռացնելուց հետո,

– ծորակի ջուրն օգտագործել միայն մի քանի րոպե հոսելուց հետո,

– խմելու ջրի որակի փոփոխությունների (համի, հոտի, պղտորության առկայություն) դեպքում անմիջապես ահազանգել ջրամատակարարման համակարգը շահագործող կազմակերպություններին,

– արգելել երեխաների լողը դեկորատիվ ջրավազաններում, գետերում և այլ ջրավազաններում, որոնք նախատեսված չեն լողի համար:




Լրահոս