ՀՀԿ-ԱԿԱՆՆԵՐԸ ԿՔՆՆԱԴԱՏԵ՞Ն ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այս օրերին շատ մտահոգված է: Բանն այն է, որ նա լուրջ մտավախություններ ունի առ այն, որ Ազգային ժողովում 2014թ. բյուջեի ներկայացման եւ քննարկման ժամանակ, բացի ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներից, կարող է լրջորեն քննադատվել նաեւ ՀՀԿ-ականների կողմից: Այդ իսկ պատճառով վերջինս շաբաթ օրը կուսակցության գրասենյակում ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամների մասնակցությամբ նիստ է հրավիրել` քննարկելու եւ պարզաբանելու իրավիճակը:
Մեր տեղեկություններով՝ բազմաթիվ ՀՀԿ-ականներ հատկապես դժգոհ են 2014թ. բյուջեի սոցիալական փաթեթից, որը, ըստ էության, գրեթե բացառում է աշխատավարձերի բարձրացման հնարավորությունը: Բացի այդ՝ նրանք պատրաստվում են սուր քննադատության ենթարկել կառավարությանը` խոստացված 7 տոկոս տնտեսական աճը չապահովելու համար: Եվ ահա այս դժգոհության մասին տեղեկացած ՀՀ վարչապետը փորձել է նախապես զրուցել ՀՀԿ-ականների հետ, որպեսզի ԱԺ ամբիոնի մոտ չհայտնվի այնպիսի վիճակում, ինչպես Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ՎՊ-ի 2012թ. հաշվետվությունը ներկայացնելիս: Այդ նպատակով «ներքին կարգով» հրավիրած  «ժողովում» վարչապետը զրուցել է «ընդդիմադիր» ՀՀԿ-ականների հետ` այդպիսով փորձելով իրեն ապահովագրել գոնե սեփական կուսակցության անդամների քննադատությունից: Ի դեպ, այդ նիստին ներկա է եղել նաեւ ՀՀ վարչապետի «սիրելին»՝ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներից պարզել, թե իրականում ինչու է Տիգրան Սարգսյանը շաբաթ օրը ՀՀԿ-ականներին հավաքել: ՀՀԿ-ական պատգամավորներ Վարդան Այվազյանը եւ Արտակ Դավթյանը նշեցին, թե զբաղվածության պատճառով ներկա չեն եղել նիստին, սակայն տեղյակ են, որ այն վերաբերել է 2014թ. բյուջեի քննարկմանը: Զրուցեցինք նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանի հետ, որը հավաստիացրեց, թե դա «հատուկ» նիստ չի եղել, եւ նման քննարկումներ ՀՀԿ-ում հաճախ են լինում:
-Պարո՛ն Զաքարյան, ինչո՞ւ էր վարչապետ Տիգրան Սարգսյանը շաբաթ օրը ՀՀԿ-ականներին նիստի հրավիրել:
-Նախ՝ նիստ չէր, աշխատանքային քննարկում էր, որը մեր կուսակցությունում բավականին լայն կիրառվող պրակտիկա է: Քննարկմանը մասնակցում են խորհրդի անդամներ, մասնագետներ, փորձագետներ, կառավարության ներկայացուցիչներ, կուսակցության անդամներ, Աժ պատգամավորներ եւ այլն: Իսկ կոնկրետ շաբաթ օրվա քննարկումն էլ նվիրված էր 2014թ. բյուջեի նախագծին:
-Տեղեկություններ կան, որ 2014թ. բյուջեի հետ կապված՝ ՀՀԿ-ում առկա են լուրջ տարաձայնություններ, որոնք մեղմելու, հարթելու նպատակով էլ հրավիրվել էր Ձեր նշած աշխատանքային քննարկումը:
-Կուսակցությունում կոնֆլիկտներ չկան, կան մոտեցումներ, ինչի համար էլ այդ քննարկումները կազմակերպվում են: Եթե բոլորը 100 տոկոսով մի մարդու հետ համաձայնեն, քննարկումների անհրաժեշտություն այլեւս չի լինելու, ճի՞շտ է: Հետեւաբար մասնագիտական քննարկումներ են լինում, որը, կարծում եմ, Դուք ինքներդ էլ պետք է ողջունեք եւ ոչ թե հայտարարեք, թե կոնֆլիկտ գոյություն ունի:
-Բայց նշվում է, որ այդ կոնֆլիկտները կապված են աշխատավարձերի բարձրացման եւ…
-Կան տեսակետներ, բոլոր տեսակետները քննարկվում են, այդ քննարկումները շուտով նաեւ կտեղափոխենք Ազգային ժողով, եւ դրանք կհնչեցվեն նաեւ այստեղ՝ ԱԺ հանձնաժողովի նիստերի ընթացքում, հետագայում նաեւ խորհրդարանի դահլիճում:
-Նշվում է նաեւ, որ այդ քննարկումները կազմակերպում է Տ. Սարգսյանը, քանի որ ԱԺ դահլիճում հենց ՀՀԿ-ականների կողմից լրջորեն քննադատվելու մտավախություն ունի:
-Կազմակերպողը Հանրապետական կուսակցությունն է, մասնակցում են վարչապետը, ԱԺ պատգամավորներ, նախարարներ, տարբեր գերատեսչությունների ղեկավարներ, կուսակցության խորհրդի անդամներ, տնտեսագետներ:
-Իսկ կոնկրետ ի՞նչ հարց եք քննարկել, որն անհանգստացնում է ՀՀԿ-ականներին եւ ներկուսակցական կոնֆլիկտի պատճառ է:
-Կոնֆլիկտային հարց չկա: Ես այս անգամ քննարկմանը չեմ մասնակցել, բայց տեղյակ եմ բոլոր հարցերին ու իրավիճակին: Նախկինում եւս մենք նման քննարկումներ ունեցել ենք, քննարկել ենք կառավարության գործունեության ծրագիրը եւ այլն: Նման քննարկումներ Հանրապետական կուսակցությունը մշտապես էլ ունեցել է: Այստեղ ինչ-որ արտառոց բան չկա:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս